Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով նիստին դատարանը մերժեց Վարդան Գերավետյանի շահերի պաշտպանի միջնորդությունը: Պաշտպան Դավիթ Գյուրջյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել վերացնել իր պաշտպանյալ Վարդան Գերավետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, կամ այն փոխարինել գրավով:
Ներկայացված միջնորդությանն առարկեցին մեղադրող-դատախազներ Արթուր Չախոյանն ու Հակոբ Ենոքյանը՝ նշելով, որ միջնորդությունն անհիմն է եւ ամբողջությամբ ենթակա է մերժման:
Նիստը նախագահող դատավոր Արթուր Օհանյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով մերժեց այն:
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը դատական նիստերի դահլիճում ներկա չէին: Լուսինե Սահակյանը դատավորի՝ խորհրդակցական սենյակ հեռանալուց առաջ տեղեկացրել էր, որ քննչական գործողությունների պետք է մասնակցեն եւ չեն կարող ներկա գտնվել նիստին:
Դատական նիստը հետաձգվեց մինչեը դեկտեմբերի 5-ը:
Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:




























