Գիտնականներին հայտնի ընտանի շների ամենահին պատկերները հայտնաբերվել են Սաուդյան Արաբիայում ժայռերի վրա արված գրություններն ուսումնասիրելիս, փոխանցում է The New York Times-ը։

8-9 հազար տարի առաջ ստեղծված ժայռապատկերը լեռնային այծերի որս է ներկայացնում։ Գտածոն ուսումնասիրող գիտնականները ենթադրել են, որ հին ժամանակների նկարիչը պատկերել է քանաանյան շներին։ Այդպիսի շների մնացորդներ նախկինում հայտնաբերվել էին ժամանակակից Իսրայելի տարածքում գտնվող մ․թ․ա․ 2000թվականին վերագրվող գերեզմանում։

«Նկարն այնպես է արված, որ տպավորություն է ստեղծվում, թե լսում ես շների հաչոցն ու զգում լեռնային այծերի վախը, որոնց նրանք հետապնդում են », - հարցազրույցում նշել է Բնական պատմության Սմիթսոնի ազգային թանգարանի հսկիչ Մելինդա Զեդերը։

Ժայռապատկերի դրվագներից մեկում պատկերված է մարդկային մարմին, որը շղթաներով պահում է երկու շան։ Ինչպես նշում է ժայռաբեկորների ուսումնասիրությանը մասնակցած գերմանացի հնագետ Միխայել Պետրագլիան,  «սա գիտությանը հայտնի շղթայակապ շների առաջին պատկերն է»։