Հայտարարել, թե Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը կապված է ԵՏՄ-ին անդամակցության հետ, խիստ հայտարարություն է, որը չունի հիմնավորում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Նրա կարծիքով՝ ԵՏՄ-ից դուրս գալու հարցը «խաղից դուրս» վիճակում է հայտնվել ԵՄ-ի հետ համապարփակ համաձայնագրի ստորագրմամբ, քանի որ եթե եվրոպական մասնագետները տեսնեին, որ ԵՏՄ-ի հետ անհամատեղելի է ԵՄ հետ համագործակցությունը, չէին գնա համաձայնագրի ստորագրմանը։
«ԵՄ-ում տեսնում են, որ Հայաստանը, վերցնելով պառլամենտարիզմի եվրոպական փորձը, ապացուցում է, որ եվրոպական ոգուց բխող քաղաքականություն է վարում եւ այստեղ կա իրավական այն հենքը, որ թույլ է տալիս համագործակցությունը շարունակել ու խորացնել»,-նշեց նա։
Ռուստամյանի կարծիքով՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմամբ մենք հայտնվել ենք նոր իրավիճակում, որից պետք է առավելագույնս օգտվենք՝ ձեռք բերելով նոր ռեսուրսներ ապահովենք մեր երկրի բազմակողմանի զարգացումը Հայաստանը։
Նա վրդովմունք հայտնեց այն դեպքի առնչությամբ, որ մոնիտորինգային խումբը հայտարարում էր, որ որոշ ուժեր դրդում են իրենց հորդորել ԵՄ-ին չստորագրել համապարփակ համաձայնագիրը, քանի որ Հայաստանը ծանր պայմաններում է, անդամակցում է ԵՏՄ-ին եւ այլն։ «Ավելի համապետական քայլ չեմ պատկերացնում։ Ստացվում է՝ մենք չգիտենք մեր լավն ու վատը»,- իր խոսքն ավարտեց նա։




























