Հայաստանը մշտապես պետք է անվտանգության ոլորտում այլընտրանքներ փնտրի, դա ցանկացած երկրի իշխանության պարտավորությունն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Հայաստանի մասով ԵՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:
«Մենք ունենք պատմական այլ նախադեպեր. մենք այսօր կարող ենք ցանկանալ դուրս գալ ԵՏՄ-ից կամ մնալ այնտեղ, բայց մի օր կարող է ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ն ու ԱՊՀ-ն մեզնից դուրս գան: Պատմությունը նման դեպքեր ունեցել է մեր պարագայում: Մի օր ռուս զինվորը կարող է իր զենքը գցել Թուրքիայի սահմանին ու ասի՝ ինձ էստեղ լավ չեն նայում, ես գնացի»,-ասաց նա:
Զուրաբյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այս դեպքում գործ ունենք Ռուսաստանի հետ. «Այստեղ մի բան կա, որի մասին մոռանում ենք: Եթե մենք քննարկեինք Բելգիայի եւ Հոլանդիայի հետ կապված հարց, ես կհասկանայի, բայց երբ քննարկում ենք Ռուսաստանի հետ կապված հարց, մենք շատ լավ պատկերացնում ենք, թե ինչ է Ռուսաստանը: Իսկ երբ պատկերացնում ենք, նաեւ պետք է գիտակցենք, թե որոնք են Ռուսաստանի քայլերը: Ես կառաջարկեի «Ելք» դաշինքին այս հարցն օրակարգից հանել: Ես չեմ ուզենա այս հարցը մտնի ԱԺ ու տապալվի, քանի որ սա մեր ապագայի հարցն է»,-ընդգծեց Զուրաբյանը:




























