Հայաստանի Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը մամուլի ասուլիսի ժամանակ 3 տարվա մեջ առաջին անգամ ներկայացրեց իր գործունեությունը, որը սկսել է 2014 թվականի նոյեմբերից:

Միջգերատեսչական հանձնաժողովը կազմված է 8 անդամից, որոնցից 4-ը Քննչական կոմիտեի ծառայողներ են, մյուսներին նշանակում են նախագահը եւ վարչապետը: Հանձանաժողովի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդգծեց, որ նման հարաբերկացությունը թույլ է տալիս հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, քանի որ ՔԿ-ն հանձնաժողովում մեծամասնություն չունի:

Նշված ժամանակահատվածում ՔՀ ղեկավարի կողմից 2 միջնորդություն է ներկայացվել կոչման իջեցման մասին, եւ երկուսն էլ բավարարվել է, 4 միջնորդություն պաշտոնի իջեցման մասին, որից 3-ը բավարարվել է, 3 միջնորդություն՝  լիազորությունների դադարեցման մասին, որից 2-ն է բավարարվել:

Հանձնաժողովի ղեկավարը ներկայացրեց մի քանի տիպիկ խախտումներ: Դրանք այն դեպքերն են, երբ սեռական բնույթի խախտումների կամ անչափահասների նկատմամբ քննիչները ուշադիր չեն լինում հարցաքննության անցկացման կամ պաշտպանության միջոցառումների կիրառման հարցում: Դեպքերի երկրորդ կարգը վերաբերում է  գույքային խախտումներին, երբ, օրինակ, գույքի արգելանքը հանելու որոշումը մեծ ուշացումով է ուղարկվում իրավասու մարմիններին: Մեծ թվով խախտումներ վերաբերում են այն դեպքերին, երբ քննիչը «մոռանում» է գործի կողմերին ուղարկել որոշումը, եւ նա զրկվում է այն բողոքարկելու հնարավորությունից: Մյուս կարգը վերաբերում է դատախազի ցուցումները չկատարելուն, որը կարող է հանգեցնել իրեղեն ապացույցի կորստին:

Նշված ժամանակահատվածում ՔԿ կարգապահական հանձնաժողովը ներկայացրել է կարգապահական վարույթ հարուցելու 124 միջնորդություն: Դրանցից 108-ը ներկայացրել է ՔԿ ղեկավարը, 16-ը՝ հանձնաժողովի անդամները: 120 միջնրդություն բավարարվել է եւ դրանցով կարգապահական վարույթներ են հարուցվել: Դրանց արդյունքում ՔԿ 91 աշխատակցի վերաբերյալ իրավախախտման փաստը հաստատվել է: 31 աշխատակից արդարացվել է: Ըստ որում՝ իրավախախտումների մասին ՔՀ հաղորդումներ կարող են ներկայացնել նաեւ քաղաքացիները, տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, դատախազները:

Նշված ժամանակահատվածում դատախազությունից ստացվել է 236 միջնորդություն, որից 97-ը (41,1 տոկոս) 2017 թվականին: Սակայն բավարարել է միայն 9-ը (3,8 տոկոս): Կարգապահական պատասխանատվության են ենթարկվել 11 քննիչներ: Ղամբարյանի խոսքով՝ քանի որ պրակտիկան ցույց է տալիս, որ դատախազության հարցումների միայն գրեթե քառորդ մասն է արդարացված լինում, դատախազության համապատասխան միջնորդությունները պետք է ավելի հիմնավորված լինեն: