Կառավարությունը, ընդունելով նոր օրենք, քաղաքական կամք է դրսեւորել անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կանոնակարգելու ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Եվրոպայի խորհրդի Երեւանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուի եւ Եվրոպայի խորհրդի փորձագետ Էլիզ Լատիֆայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի՝ 2017-2021 թվականների ինստիտուցիոնալ զարգացման ռազմավարության մշակման վերաբերյալ առաջարկությունները:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սուրեն Քրմոյանը, ողջունելով ներկաներին, կարեւորել է նման ձեւաչափով քննարկումները եւ ընդգծել, որ անձնական տվյալների պաշտպանությունը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է: Ըստ Ս. Քրմոյանի՝  Կառավարությունը, ընդունելով նոր օրենք, քաղաքական կամք է դրսեւորել այս ոլորտը կանոնակարգելու ուղղությամբ:

Եվրոպայի խորհրդի Երեւանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն էլ իր հերթին է կարեւորել հանդիպումը՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդն իր աջակցությունն է ցուցաբերելու Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության զարգացմանը:

 Այնուհետեւ, ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գեւորգ Հայրապետյանը ներկայացրել է Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքը, ոլորտում առկա վիճակը, ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության լիազորությունները եւ գործակալության՝ 2017-2018 թվականների գործողության ծրագիրը:

ԵԽ փորձագետ Էլիզ Լատիֆան ներկայացրել է Հայաստանի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի՝ 2017-2021 թվականների ինստիտուցիոնալ զարգացման ռազմավարության մշակման վերաբերյալ առաջարկությունները եւ նշել, որ իրենց նպատակն է աջակցել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում օրենսդրության զարգացմանը:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրող հարցեր: