Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, գործընկերներին հորդորեց «սառը գլխով դատել» բանակից խուսափածների վերաբերյալ օրինագիծը:
«Առաջարկում եմ կենտրոնանալ մեր գործառույթի վրա եւ կետ առ կետ քննարկում անցկացնել: Հասկանում եմ՝ ինչ հույզեր են առաջացնում մարդկանց մոտ, բայց մենք պետք է սառը գլխով դատենք: Խոսքը հանցագործության մասին է եւ հանցագործության համար պատիժ սահմանող, ոչ թե խրախուսող օրինագծի մասին է»,- Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց Արարատ Միրզոյանը:
Նշենք, որ օրենքի նախագիծը թույլ է տալիս այն անձանց, որոնք խուսափել են բանակում ծառայելուց եւ լրացել է նրանց 27 տարեկանը, տուգանք վճարել եւ ազատվել քրեական հետապնդումից: Դա թւոյլ կտա այդ մարդկանց վերադառնալ հայրենիք: Ըստ փոփոխությունների, բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող այն ՀՀ քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ (ընդհանուր առմամբ՝ 3 միլիոն 600 հազար դրամ) ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք: ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի առաջարկով, օրենքը կգործի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հիշեցնենք՝ դեռևս 2003 թվականին ընդունված՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում մինչ այժմ արդեն 8 անգամ փոփոխություն է կատարվել՝ հազարավոր երիտասարդների պարբերաբար հնարավորություն տալով վերադառնալ Հայաստան: Սահմանված նախորդ ժամկետը լրացել էր 2015 թվականի մայիսին:
Ի դեպ՝ Պաշտպանության նախարարությունն առաջարկել էր նման հնարավորություն օրենքով տրամադրել վերջին անգամ, այլևս թույլ չտալով գումար վճարելով խուսափել զինծառայությունից։ ՊՆ այդ առաջարկը, սակայն, մերժվեց: Ընդ որում՝ նաև իշխող ՀՀԿ-ի կողմից:
Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է:




























