ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական միջոցառումների շրջանակում կասեցրել է Շիրակի մարզում գործող հացի արտադրամասի գործունեությունը:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անհատ ձեռնարկատեր Լեւոն Ղումաշյանի արտադրամասում խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, մասնավորապես տեխնոլոգիական գործընթացը կազմակերպվել է ոչ պատշաճ պայմաններում՝ չնորոգված սենյակում, չեն եղել համապատասխան տարաներ ու հացի պահպանման մաքուր դարակաշարեր, չեն իրականացվել վնասատուների դեմ պայքարի անհրաժեշտ միջոցներ, բացի այդ՝ հացի տեղափոխումն իրականացվել է ոչ համապատասխան փոխադրամիջոցով: Արտադրամասի վերագործարկումը կթույլատրվի միայն խախտումների վերացումից հետո:

Իսկ Շիրակի մարզում գործող եւս երկու տնտեսվարողներ արդեն վերացրել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները: ՍԱՊԾ-ն թույլատրել է անհատ ձեռնարկատերեր Աստղիկ Անանյանի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասին եւ Հովհաննես Ենոքյանի մսի վաճառքի կետին վերսկսել աշխատանքը:

Ծառայությունը վերանայել է նաեւ անհատ ձեռնարկատեր  Արամ Խաչատրյանին պատկանող թանի արտադրությունը կասեցնելու մասին որոշումը, քանի որ  Արագածոտնի մարզում գործող արտադրամասում վերացվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, բացի այդ՝ սննդի շղթայում ներգրավված երկու աշխատակիցների թույլատրվել է վերադառնալ աշխատանքի. նրանք սահմանված կարգով անցել են պարտադիր բժշկական զննություն: