Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն առաջարկում է բանակում խուսափածների վերաբերյալ օրինագծում տուգանքի չափը սահմանել՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ:

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խորհրդարանում պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման խմբակցության առաջարկները ներկայացրեց պատգամավոր Արարատ Միրզոյանը:

«Մենք առաջարկում ենք թողնել տուգանքի չափը սահմանել նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափը յուրաքանչյուր զորակոչի համար, սակայն հաշվի առնել որոշակի հանգամանքներ եւ այդ չափն իջեցնել մինչեւ 60-ապատիկի կամ 30-ապատիկի: Բացի դրանից, առաջարկում ենք, որ 27-ը լրացած այն անձինք, որոնք չեն կարող վճարել, կամավոր սկզբունքով մեկնեն ծառայության»,- ներկայացրեց Արարատ Միրզոյանը:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը տուգանքի չափի մեջ տարբերակում դնելու առաջարկությանը կտրականապես դեմ արտահայտվեց. «Մենք խոսում ենք մեկ հանցագործության մասին՝ բանակից խուսափելու: Նորից եմ ասում՝ եթե մինչեւ 26 տարեկանը գալիս է Հայաստան, մեկնում ծառայության, պետությունն ասում է՝ ներում եմ, բայց 27-ից հետո բարի եղիր, արի ծառայիր: Անիմաստ է նույն կատարած հանցանքի համար մեղմացուցիչ հանգամանք գտնել, մինչդեռ մեղմացուցիչ հանգամանք գրեթե չկա»:

ԱԺ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նույնպես չհամաձայնվեց «Ելք»-ի առաջարկության հետ. «Մենք առաջարկում ենք համահավասար պայմաններ ստեղծել բոլորի համար, սոցիալական արդարության եւ զորակոչից խուսափումը կանխարգելելու համար արդյոք հիմնավո՞ր չէ մեկ միասնական դրույքաչափի սահմանումը՝ անկախ նրանից, թե ինչու է խուսափել ծառայել»:

«Ելք» խմբակցության առաջարկները քվեարկության դնելու համար հանձնաժողովի անդամները ստիպված էին շուրջ 15 րոպե սպասել: Հարակից զեկուցող դաշնակցական պատգամավոր Ռոմիկ Մանուկյանի վերադարձից հետո հարցը դրվեց քվեարկության: «Ելք»-ի առաջարկները մերժվեցին:

Այնուհետեւ նախագիծը դրվեց քվեարկության: Ձայների մեծամասնությամբ  նախագիծն ընդունվեց՝ դրական եզրակացությամբ առաջիկա քառօրյային ընդունելու համար:

Նշենք, որ օրենքի նախագիծը թույլ է տալիս այն անձանց, որոնք խուսափել են բանակում ծառայելուց եւ լրացել է նրանց 27 տարեկանը, տուգանք վճարել եւ ազատվել քրեական հետապնդումից: Դա թւոյլ կտա այդ մարդկանց վերադառնալ հայրենիք: Ըստ փոփոխությունների, բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող այն ՀՀ քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ (ընդհանուր առմամբ՝ 3 միլիոն 600 հազար դրամ) ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք: ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի առաջարկով, օրենքը կգործի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հիշեցնենք՝ դեռևս 2003 թվականին ընդունված՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում մինչ այժմ արդեն 8 անգամ փոփոխություն է կատարվել՝ հազարավոր երիտասարդների պարբերաբար հնարավորություն տալով վերադառնալ Հայաստան: Սահմանված նախորդ ժամկետը լրացել էր 2015 թվականի մայիսին:

Ի դեպ՝ Պաշտպանության նախարարությունն առաջարկել էր նման հնարավորություն օրենքով տրամադրել վերջին անգամ, այլևս թույլ չտալով գումար վճարելով խուսափել զինծառայությունից։ ՊՆ այդ առաջարկը, սակայն, մերժվեց: Ընդ որում՝ նաև իշխող ՀՀԿ-ի կողմից:

Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է: