Գերատեսչությունների ներսում պետք է համապատասխան հարթակներ ձեւավորվեն, որտեղ գեներացվելու են ներդրումային ծրագրերը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կառավարության տնտեսական բլոկի նախարարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը եւս մեկ անգամ կարեւորել է գերատեսչությունների ակտիվ աշխատանքը դիվանագիտական ներկայացուցիչությունների, այդ թվում՝ Հայաստանում հավատարմագրված եւ արտերկրում մեր երկրի դիվանագետների հետ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գերատեսչությունների ներսում պետք է համապատասխան հարթակներ ձեւավորվեն, որտեղ գեներացվելու են ներդրումային ծրագրերը, որից հետո դրանք պետք է ուղարկվեն Հայաստանի զարգացման հիմնադրամ, որը, իր հերթին, ներկայացնելու է այն համապատասխան կառույցներին ու դիվանագիտական ներկայացուցչություններին: Այդ առումով, վարչապետն անհրաժեշտ է համարել յուրաքանչյուր գերատեսչությունում սահմանել պատասխանատուի, ով սկզբից մինչեւ վերջ կհետեւի կոնկրետ ծրագրի ուղղությամբ կատարվող աշխատանքներին:
Անդրադարձ է կատարվել գերատեսչությունների կողմից միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում՝ բանկերի հետ աշխատանքներին: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ միջազգային բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում վերջիններս հետաքրքրություն են արտահայտում մասնավոր հատվածում ներդրումներ իրականացնելու հարցում: Վարչապետը կարեւորել է ըստ ոլորտների առկա ներդրումային ծրագրերի ուղղությամբ միջազգային կառույցներից ռեսուրսների ներգրավումը դեպի մասնավոր հատված եւ ընդգծել, որ յուրաքանչյուր գերատեսչություն ինքն է տվյալ բնագավառում ծրագրերի իրականացման շարժիչ ուժը՝ անկախ նրանից, տվյալ ծրագրի հեղինակը պետությունն է, թե մասնավոր հատվածը:
Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաեւ գերատեսչությունների գործունեությունը գնահատող հայտանիշերի մշակմանը, որտեղ իրենց տեղը կգտնեն նաեւ ներդրումների ցուցանիշները եւ համոզմունք հայտնել, որ հետեւողական քայլերի արդյունքում վերը նշված ուղղություններով կարձանագրվեն առարկայական հաջողություններ:




























