Վերաքննիչը մերժել է առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող՝ Գյումրիի պետական բժշկական քոլեջի աշխատակից Կոզետա Կիրակոսյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու պաշտպանի միջնորդությունը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կոզետա Կիրակոսյանի պաշտպան Հայկ Հարությունյանը նշեց, որ մինչ իր պաշտպանյալին կալանքի տակ են պահում, մյուս երկու մեղադրյալներին թույլ են տվել Հանրապետությունից դուրս գալ:

«Այս գործով երեք մեղադրյալ կա՝ Կոզետա Կիրակոսյանը եւ ենթադրյալ կաշառք տվող ամուսինները: Իմ պաշտպանյալը կալանքի տակ է գտնվում, խափանման միջոցը չեն փոխում, իսկ մյուս երկու մեղադրյալներին թույլ են տվել երկրից դուրս գալ: Այժմ մենք հենց դա ենք վիճարկում, որ պետք է նաեւ իմ պաշտպանյալի խափանման միջոցը փոփոխվի»,- ասաց Հայկ Հարությունյանը:

Պաշտպանը նշեց նաեւ, որ մինչեւ մյուս երկու մեղադրյալների՝ Հայաստանից մեկնելն առերեսում է տեղի ունեցել նրանց եւ Կոզետա Կիրակոսյանի միջեւ: Նշենք, որ Կիրակոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Ըստ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության՝ քաղաքացու ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Ի. Ռ-ն եւ Ա. Բ.-ն նախնական համաձայնությամբ, վերջինիս դստեր` Վ. Բ.-ի՝ «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱ կազմակերպությունում ընդունելու, ընթացիկ եւ ավարտական քննություններին դրական գնահատականներ ապահովելու եւ արդյունքում մասնագիտական որակավորման փաստը հավաստող դիպլոմ ստանալու նպատակով 2015-2016 թվականների ուսումնական տարվա ընթացքում, ինչպես առձեռն, այնպես էլ բանկային փոխանցումների միջոցով, նույն կազմակերպության աշխատակից եւ արհեստակցական միության նախագահ Կ. Կ.-ին որպես կաշառք մաս-մաս փոխանցել են 140 հազար դրամ եւ 2 հազար 100 ԱՄՆ դոլար գումար:

Վերջինս իր հերթին Վ.Բ-ի օգտին գործողություններ կատարելու նպատակով ապօրինի պահանջել եւ ստացել է այդ գումարը, որից հետո նույն նպատակով Ա. Բ-ից պահանջել է եւս 500 ԱՄՆ դոլար:

Ապօրինի գործողությունների արդյունքում ձեւակերպվել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող եւ հայերեն գրավոր լեզվին բավարար չափով չտիրապետող, ինչպես նաեւ ուսումնառության տարիներին Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայած Վ. Բ.-ի ընդունելությունը «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱ կազմակերպություն, ինչպես նաեւ դասապրոցեսներին մասնակցությունը եւ դրական քննական գնահատականներ ստանալը:

Կոզետա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգքրի 38-311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նա կալանավորված է: