Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, դատարանում հայտարարեց, որ Սեֆիլյանի հրահանգով հեռուստաաշտարակը պետք է գրավեին, սակայն 2015թ. դեկտեմբերի 1-ից հետո «հանձնարարությունը սառեցվել» է:
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Պետրոսյանը պատմեց, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սեֆիլյանի հետ հանդիպմանը 2015թ.-ի աշնանը:
«Եղել ա պայմանավորվածություն, որ ես զենք պիտի ունենամ ու պայմանավորվածությունը եղել ա Ժիրայր Սեֆիլյանի հետ, բայց զենքը ռեալ վերցրել եմ Հրայր Թոփչյանից: Սեֆիլյանի հետ շատ ենք հանդիպել, բայց չեմ հիշում՝ քանի անգամ ենք հանդիպել: Հեռախոսային կապ ընդհանրապես չի եղել, Ֆեյսբուքով ենք գրել իրար, բայց հետո այդ նամակները ես ջնջել եմ: Իմ ու Սեֆիլյանի հանդիպումները եղել են գաղտնի պայմաններում: Զենքերն ինձ տվել էր գաղափարի համար, նախատեսված էր իշխանափոխության համար եւ եթե ժողովրդի դեմ ուժ կիրառվեր: Կոնկրետ իմ խնդիրը հեռուստաաշտարակի հետ կապված ա եղել, հետո Հրայրի հետ ծանոթանալուց հետո դա դուրս եկավ մեր ծրագրից, հասկացանք, որ իրատեսական չի»,- պատմեց Հովհաննես Պետրոսյանը:
Ամբաստանյալը նշեց, որ հեռուստաաշտարակը պետք է գրավեին մինչեւ 2015թ.-ի դեկտեմբերի 1-ը, իսկ դրանից հետո «իրավիճակը սառեցվել է»: Հովհաննես Պետրոսյանի խոսքով, հանրահավաքներ չեն եղել, միայն քառօրյա պատերազմից հետո՝ 2016թ. մայիսին կրկին հանդիպումներ են եղել, որոնց ընթացքում ինքն իմացել է զորամասի վրա հարձակվելու ինչ-որ նախապատրաստության մասին. «Հարձակման ուղղությունն իմացել եմ Հրայրից, բայց դա նրա ծրագիրը չի եղել: Մայիսի կեսերին եմ իմացել դրա մասին եւ չեմ համաձայնվել, ես չեմ գնացել նշանակված հանդիպմանը, բայց Սեֆիլյանին հանդիպել եմ առանձին եւ ասել եմ, որ վտանգավոր քայլ ա եւ դավաճանական կդիտվի: Դրանից հետո Հրայրի հետ հանդիպել ենք եւ որոշել, որ զենքերը պետք է վերադարձնենք»:
Հետաքրքիր է, որ իր ցուցմունքի սկզբում Հովհաննես Պետրոսյանը հայտարարեց, որ հեռուստաաշտարակի վրա հարձակման ծրագիրը 2015թ. դեկտեմբերի 1-ից հետո ընդհանրապես չի քննարկվել, մինչդեռ ավելի ուշ պնդեց հակառակը. «Զորամասի դեմ հարձակումից հետո ուղղությունը շարունակվելու էր դեպի հեռուստաաշտարակ, ինձ այդ մասին ասել էր Ժիրայր Սեֆիլյանը: Ես նրան ասել եմ՝ զորամասի վրա հարձակվելը ճիշտ չի, Սեֆիլյանն էլ ասաց՝ դա քո գործը չի, դու մտածի հեռուստաաշտարակի ուղղությամբ: Զորամասի վրա հարձակումը պետք է լիներ 2016թ. մայիսի 18-ին, ինձ Հրայր Թոփչյանն այդ մասին ասել էր դրանից մի քանի օր առաջ: Բայց մենք որոշեցինք, որ դա իրատեսական չէ ու պետք է զենքերը հանձնել, էդպես օր ու ժամ պայմանավորվեցինք ու գնացինք»:
Հովհաննես Պետրոսյանը նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է:
Նշենք, որ Հովհաննես Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված լինելով Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զիված կազմակերպված խմբի կազմում, ապօրինի պահել և ձեռք է բերել հրազեն և ռազմամթերք՝ նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ: Ըստ մեղադրանքի, Պետրոսյանը, գիտակցելով հանցագործությունն ավարտին հասցնելու իրական հնարավորությունը, կամովին հրաժարվել է հանցագործության նախապատրաստությունից և անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողություններից, այնպես էլ հանցագործությունն ավարտին հասցնելուց: Հովհաննես Պետրոսյանը, մեղադրական եզրակացության համաձայն, հրազեններն ու ռազմամթերքը Ժիրայր Սեֆիլյանին վերադարձնելու ժամանակ ենթարկվել է ավտովթարի, բացահայտվել ու բերման ենթարկվել ոստիկանության բաժին:




























