ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ծիծաղելի է անվանել լուրերն այն մասին, որ Սպիտակ տունը մշակել է ծրագիր, որով ԿՀՎ նախագահ Մայքլ Պոմպեոն պետք է փոխարինի իրեն, հաղորդում է Reuters- ը:
Հարցին՝ թե Սպիտակ տանը որեւէ մեկը ցանկանու՞մ է, որ ինքը հրաժարական տա, Թիլերսոնը լրագրողներին ասել է. «Դա պարզապես ծիծաղելի է»:
Նախօրեին New York Times-ը, վկայակոչելով ամերիկյան պաշտոնյաներին, գրել էր, որ Սպիտակ տունը մշակել է ծրագիր, որով ԿՀՎ նախագահ Մայքլ Պոմպեոն պետք է փոխարինի Թիլերսոնին:
Թրամփը եւ Թիլերսոնը մի շարք տարաձայնություններ ունեն արտաքին քաղաքականության առանցքային հարցերի շուրջ: Մասնավորապես, Իրանի միջուկային համաձայնագրի, Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի վերաբերյալ: Հոկտեմբերին ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Թիլերսոնը հանդիպումներից մեկում Թրամփին «տխմար» էր անվանել: Պետդեպարտամենտն, իհարկե, հերքել էր այդ տեղեկությունները:




























