2015թ. նոյեմբերի 28–ին զորմասում մահացած հայտնաբերված Գեւորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով դատարանում ցուցմունք է տվել գործով մեղադրյալ Մհեր Ոսկանյանը: Նա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ամբաստանյալը դատարանից խնդրել է կարճել քրեական գործը եւ դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը՝ նշելով, որ որեւիցե կապ չունի Գեւորգ Խաչատրյանի մահվան հետ։
Նշենք, որ Մհեր Ոսկանյանը նախաքննության ընթացքում ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք՝ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ուղեկալի պետ, կապիտան Մհեր Ոսկանյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի երկրորդ մասով, 375 հոդվածի առաջին մասով, 360 հոդվածի երկրորդ մասով), ուղեկալի ավագ, ենթասպա Հովիկ Քալաշյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի առաջին մասով, 375 հոդվածի առաջին մասով), ինչպես նաեւ ժամկետային զինծառայող Հարություն Մուրադյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով, 364.1 հոդվածի առաջին մասով՝ երկու դրվագով եւ 359 հոդվածի երրորդ մասով):
Նախաննությամբ պարզվել է, որ ողբերգությունը սկսվել է կապիտան Մհեր Ոսկանյանի կազմակերպած թղթախաղից։ Կապիտանը պայման է դրել, որ պարտվողը պետք է 7 օր ճաշարանի կերակուրի ավելցուկը հավաքի եւ կերակրի զորամասի մոտ գտնվող իրեն պատկանող անասնագոմում պահվող խոզերին։ Շարքայինները պարտվել են եւ կատարել պայմանը։ Դեպքի օրը Գեւորգը հեռախոս է խնդրել ծառայակիցներից, առանձնացել է, մի քանի զանգ կատարել, հեռախոսը վերադարձրել եւ հեռացել, ինչից հետո հնչել է կրակոց, Գեւորգին գտել են կզակին ստացած հրազենի վնասվածքից մահացած։ Քննությամբ նաեւ պարզվել է, որ շարքային Հարութ Մուրադյանը բռնության է ենթարկել Գեւորգին, ծաղրել, բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։




























