RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»-ն:

«Մայքլ Ֆլինը ներկա էր մեր տասնամյակին: Նստել էր Պուտինի կողքին: Ես նստած էի նրա կողքին: Մենք ոչինչ չխոսեցինք, տոնակատարություն էր ընթանում, բարձր ձայնով տեսանյութեր էին ցուցադրվում, խոսել չէինք կարող: Ավելին, Պուտինը չգիտեր, թե ով է նա: Սեղան նստելիս ես նրան ասացի. «Ձեր կողքին նստած կլինեն Էմիր Կուստուրիցան եւ ԱՄՆ ռազմական հետախուզության նախկին ղեկավար Միքայել Ֆլինը»: «Ռազմական հետախուզությա՞ն, լու՞րջ»,-զարմացավ Պուտինը»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում:

Սիմոնյանը հավելել է, որ Պուտինը «ինչպես միշտ բոլորին ձեռքով բարեւեց, հանդես եկավ ելույթով եւ հեռացավ: Սա է ամբողջ պատմությունը»: Գրառման հետ միասին նա հրապարակել է նաեւ Պուտինի եւ Ֆլինի լուսանկարը՝ սեղանի շուրջ կողք կողքի նստած:

Նախօրեին Ֆլինին մեղադրել էին Ռուսաստանի պաշտոնական դեմքերի հետ հանդիպումների մասին սխալ ցուցմունք տալու մեջ։  Նա խոստովանել է իր մեղքը։ Թրամփի նախկին խորհրդականին սպառնում է կես տարվա ազատազրկում կամ մինչեւ 9,5 հազար դոլար տուգանք։