ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը դեկտեմբերի 1-ին հաղորդագրություն տարածեց այն մասին, որ նոյեմբերի 30-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա Տ.Ա.-ն: Տղամարդը կասկածվում է մեկ տարվա ընթացքում ավելի քան 10 անգամ կանանց նկատմամբ գռեհիկ պահվածք դրսեւորելու մեջ: Ոստիկանությունը բացի հաղորդագրությունից, տարածել է նաեւ տեսանյութ, որտեղ երեւում է բերման ենթարկված տղամարդը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ էլ, Տ.Ա.-ն կասկածվում է 2016 թվականի հոկտեմբերից մինչեւ այս տարվա նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներում իգական սեռի ներկայացուցիչների մոտ բազմիցս բացահայտ ձեռնաշարժությամբ զբաղվելու մեջ:
Սեքսոլոգների խոսքով, հասարակության մեջ սեռական օրգանը ցուցադրողն ու դրանից բավարարվածություն ստացողը տառապում է Էքսգիբիցիոնիզմով, նա հանրության համար վտանգավոր չէ, հանցագործություն կատարելու միտումներ չունի: Այս հիվանդությամբ տառապող տղամարդն իր էրեկցիայի ենթարկված սեռական անդամը անակնկալ ձեւով վախ առաջացնելու նպատակով պատահական բացում է ինչ-որ մի անձի դիմաց կամ հասարակության մեջ: Գիտնականները գտնում են, որ այս արարքից հաճույք ստանալու հանգամանքը պայմանավորված է ոչ միայն էրեկցիայի ենթարկված սեռական անդամը ցույց տալով, այլեւ ուրիշների մոտ անակնկալ վախ առաջացնելու մեխանիզմներով: Այս հիվանդությունը համարվում է սեռական խանգարում, պարաֆիլիա, որը պայմանավորված է նաեւ հոգեսեռական զարգացման խանգարումներով եւ հիվանդին անհրաժեշտ է բուժում:
Այսքանից հետո հարց է առաջանում՝ սեռահոգեբանական շեղում ունեցող տղամարդուն արդյոք ավելի ճիշտ չէր լինի ուղղորդել բուժման, քան տեսանկարահանելն ու նրան ամբողջ Հայաստանով մեկ խայտառակ անելը:




























