Նախկին կնոջ ընկերուհու նկատմամբ բռնի սեքսուալ գործողություններ կատարելու մեջ մեղադրվող Արմեն. Գ.-ի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է: 6 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Գ.-ն դատարանից խնդրել էր Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել եւ հանցադեպի ու հանցակազմի բացակայության հիմքով իրեն արդարացնել եւ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
56-ամյա Արմենին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գ.-ն իր նախկին փաստացի կնոջ՝ վերաբերյալ վարկաբեկող տեսաձայնագրություն ցուցադրելու կեղծ պատրվակով 2016 թվականի հունվարի 21-ին իր փաստացի բնակության վայր հանդիսացող կիսակառույց տուն է հրավիրել նախկին կնոջ ընկերուհուն:
Դատարանը դատաքննությամբ ապացուցված է համարել, որ փաստացի կնոջ հետ 8 ամիս ապրելուց եւ նրանից բաժանվելուց հետո Արմեն Գ.-ն մի քանի անգամ զանգել է կնոջ ընկերուհուն, ասել է, թե իր նախկին կինն «անառակ» է՝ սեքսուալ գործողությունների սիրահար, ինքն ունի այդ բանը հաստատող տեսաձայնագրություն, կարող է ցույց տալ: 2016 թվականի հունվարի լույս 21-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմանում, նախկին կնոջ ընկերուհուն առաջարկել է իր տուն գնալ, վերջինն էլ գնացել է:
Արմենը զրուցել է նրա հետ, նրանք միասին ընթրել ու օղի են խմել: Երբ կինը պահանջել է ցուցադրել ընկերուհու վերաբերյալ տեսաձայնագրությունը, Արմենն ասել է, թե այն ընկերոջ մոտ է, կզանգի, ու նա կբերի: Այնուհետեւ Արմենը քաշել է նրա պարանոցին փաթաթված շալը, վնասել է պարանոցը, ապա սեղանի վրայից վերցնելով դանակ ու պատառաքաղ՝ դրանցով սպառնացել եւ պահանջել է մերկանալ:
Կինը Արմենի հնչեցրած սպառնալիքները որպես իրական է ընկալել, վախեցել ու մերկացել է: Մոտ տասը րոպե նա մնացել է մերկ: Ապա ցանկանալով փախչել՝ ասել է, թե զուգարան է ուզում գնալ: Նա հագել է Արմենի տված սպիտակ խալաթը, դուրս է եկել ու մտել է բակում գտնվող զուգարանը եւ զանգել ոստիկանություն:
Արմեն Գ.-ն, լսելով, որ նա զուգարանում հեռախոսով խոսում է, պահանջել է, որ նա դուրս գա, ապա ջարդել է զուգարանի դռան փոքրիկ լուսամուտի ապակին ու ռետինե խողովակով ջուր է լցրել զուգարանի ներսում գտնվող կնոջ վրա՝ պահանջելով դուռը բացել:
Արմենն իր մոտ եղած երկրորդ բանալիով դրսից բացել է զուգարանի դուռը, բռնել ու տուն է տարել նրան: Կինն, ամբողջովին թրջված լինելով, հանել է խալաթն ու մտել է անկողին: Արմենը նույնպես մերկացել, մոտեցել է նրան ու պահանջել է, որ նա սեքսուալ գործողություն կատարի: Արմենն ապտակել է նրան ու նորից սպառնալիքներ է հնչեցրել: Կինը, նրանից վախենալով, կատարել է նրա պահանջած գործողությունները:
Առաջադրված մեղադրանքում Արմեն Գ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:




























