Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Հայոց աշխարհի առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Հայոց Եկեղեցու հիմնադիր առաքյալների տոնը մեծ շուքով նշվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Դեռեւս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր:
Շնորհառատ օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Թանգարանների եւ Արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:
Ս. Պատարագին ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, հայաստանյան տարբեր թեմերից ժամանած հոգեւոր սպասավորներ եւ ուխտավորներ:
Սրբազան արարողության ընթացքում հայրապետական հանդիսավոր թափորով Հին Վեհարանից Մայր Տաճար բերվեց հրաշագործ Ս. Գեղարդը, որպեսզի համայն հայության հոգեւոր կենտրոնում ուխտավորաբար մեկտեղված հավատավոր ժողովրդին հնարավորություն ընձեռնվի երկրպագել, հպվել եւ համբուրել Մայր Աթոռում պահվող համաքրիստոնեական մեծագույն սրբություններից մեկը` Ս. Գեղարդը:

































