Տավուշի զորամասերից մեկում 2013 թվականի մայիսի 15-ին ծառայակից Դավիթ Խաչատրյանի կողմից հրազենային վիրավորում ստացած Հրաչյա Սարգսյանը դեռ շարունակում է բուժումը, նաեւ սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում: NEWS.am-ի հետ զրույցում Հրաչյայի հայրը` Վաղինակ Սարգսյանն ասաց, որ դեպքից հետո որդու կյանքը բնականաբար փոխվել է, սակայն այժմ նորմալ հունով է ընթանում:

«Ձախ ձեռքը չի աշխատում, ձախ ոտքը առանց օրթեզի չի կարողանում քայլել, շարունակում է ֆիզիոթերապիայի եւ մերսումների գնալ: Բուժումը Կարմիր Խաչում է ստանում, ուղղակի հերթը ուշ է հասնում: Հրաչյան դեպքից հետո գյուղինստիտուտ է ընդունվել, սովորում է գինեգործություն բաժնում, երրորդ կուրսում»,-ասաց նա:

Վաղինակ Սարգսյանը կարծում է, որ դեպքը պատահականություն է եղել, հիմար կատակ եւ երբեք չի բողոքել իր որդուն հրզենային վնասվածք հասցրած եւ եւս մեկ ծառայակցի սպանած Դավիթ Խաչատրյանի դեմ. «Հիմարության արդյունք էր դա ինչ բողոքեմ»:

Նշենք, որ Հրաչյա Սարգսյանի ծնողները դեպքի պահին ՌԴ-ում են բնակվել, սակայն դեպքից հետո վերադարձել են եւ այժմ վարձով են բնակվում Արմավիր քաղաքում:

Հիշեցնենք, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել: Դավիթ Խաչատրյանը, որը պնդում էր, որ կատակով է կրակել, զենքը ուղիղ Լյուքսի վրա չի պահել, եւ գնդակն անդրադարձով է դիպչել Լյուքսին, մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման։