«Ժառանգություն» կուսակցությունից վտարված անդամները ստորագրահավաք են նախաձեռնել՝ կուսակցության արտահերթ համագումար հրավիրելու եւ գործող վարչության հրաժարականը պահանջելու նպատակով:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ «Ժառանգությունը» վարչության նիստ էր հրավիրել եւ շարքերից վտարել ԿԸՀ-ում ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանին, փոխնախագահ Մովսես Արիստակեսյանին եւ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանին՝ նրանց մեղադրելով «ՀԱԿ գործակալ լինելու մեջ»: Վերջիններս էլ ԱԺ պատգամավորներ Ստեփան Սաֆարյանին, Արմեն Մարտիրոսյանին, Անահիտ Բախշյանին եւ մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանին մեղադրում են ապօրինի կերպով իրենց հեռացնելու եւ «Ժառանգությունում» իշխանությունը զավթելու մեջ:
Զոյա Թադեւոսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ստորագրահավաքն ընթանում է բուռն թափով, եւ այս պահի դրությամբ՝ հավաքվել է 78 ստորագրություն: «Մեր ստորաբաժանումների ղեկավարները պետք է հանդիպեն շարքային կուսակցականների հետ, եւ դա շարունակվելու է այնքան, մինչեւ մենք կունենանք բավարար թվով ստորագրություններ, որպեսզի դա իրավական հիմքեր տա այս վարչության հրաժարականը պահանջելու եւ նոր համագումար հրավիրելու համար»,- նշեց տիկին Թադեւոսյանը՝ նկատելով, որ իրենք մոտ 700 ստորագրություն պիտի հավաքեն. «Գործընթացը սկսված է: Երեւի մի շաբաթում կավարտենք: Մենք թույլ չենք տալու, որ „Ժառանգություն“ անվանումը կեղծարարներն օգտագործեն եւ այդ անվան տակ իրենց սեւ գործերն անեն»:
«Կարող են նախաձեռնել: Թող նախաձեռնեն, խնդիր չկա: Իրենք այդքան մարդ չունեն, որ կարողանան համագումար հրավիրեն»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր նախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ հավաստիացրեց. «Խոսել ենք բոլոր կառույցների ղեկավարների հետ: Բացառությամբ մի քանիսի, որ իրենց հետ են, մեծամասնությունը մեզ հետ է»:




























