ԱՄՆ-ում ուսուցչուհին ոստիկանություն է կանչել՝ Դաունի համախտանիշով 6-ամյա մուսուլման տղային ահաբեկիչ համարելով, հայտնում է Fox26-ը: Միջադեպը տեղի է ունեցել Փերիլենդի տարրական դպրոցում:

Տղայի հոր Մաեր Սուլեյմանի խոսքով՝ իր 6 տարեկան որդի Մոհամմեդը չի կարողանում խոսել, նա մշտական խնամքի կարիք ունի:

Նա հայտնել է, որ Մոհամմեդի մշտական ուսուցչուհուն փոխարինողը ոստկանություն է կանչել՝ պնդելով, որ երեխան պարբերաբար կրկնել է՝ «Ալլահ» եւ «գմփ-գմփ»: Մաերը նշել է, որ սա ճիշտ չէ, քանի որ երեխան ընդհանրապես չի խոսում: «Նա նրան ահաբեկիչ է անվանել: Սա ապուշություն է, սա խտրականություն է»,- ասել է նա:

Ուսուցչուհու մեղադրանքը հետաքննության առիթ է դարձել ինչպես ոստիկանությունում, այնպես էլ Երեխաների պաշտպանության ծառայությունում: «Իմ կարծիքով՝ հաշվի առնելով այն, ինչը լսել եմ ոստիկանությունում եւ դպրոցի ղեկավարությունից, ուսուցչուհին հայտարարել է, որ այս երեխան իրեն սեռական հետապնդման է ենթարկել եւ հնարավոր է՝ ահաբեկիչ է…6-ամյա երեխան»,- նշել է համայնքի ակտիվիստներից մեկը:

Տեղական ոստիկանությունից FOX 26 News-ին հայտնել են, որ հետաքննություն իրականացվել է, սակայն ոստիկանության միջամտության համար հիմնավորում չկա: Մինչդեռ Երեխաների պաշտպանության ծառայությունում հետաքննությունը շարունակվում է: