Գերմանիայի դաշնային կառավարությունը մտադիր է նոր քայլեր ձեռնարկել, որ շահագրգռի միգրանտներին վերադառնալ հայրենիք։ Խոսքն այն միգրանտների մասին է, որոնց ապաստան ստանալու հայտը մերժվել է, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Bild am Sontag պարբերականը։

Կամավոր հայրենիք վերադարձողներին օգնելու ծրագիրը Գերմանիայում գործում է այս տարվա փետրվարից։ Այն նախատեսում է 1200 եվրո տրամադրել 12 տարեկանից բարձր յուրաքանչյուր միգրանտի, ով ցանկություն կհայտնի վերադառնալ հայրենիք, եւ 600 եվրո յուրաքանչյուր երեխայի համար։

2017 թվականի դեկտեմբերից մինչեւ 2018 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում այդ ծրագրում նոր լրացումներ են արվել, որը կոչվում է «Քո երկիրը, քո ապահան հիմա»։ Նոր լրացումը ենթդրում է, որ Գերմանիայից հեռացող միգրանտ ընտանիքները, որոնք այդ մասին  Գերմանիայի իշխանություններին կհայտնեն մինչեւ 2018 թվականի փետրվարի վերջը, լրացուցիչ  փող կստանան։

«Մենք կոնկրետ օգնությամբ կաջակցենք ձեզ ձեր վերաինտեգրման հարցում»,-հայտարարել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզերը։

Նոր լրացումը նախատեսում է մինչեւ 3 հազար եվրոյի օժանդակություն վերադարձողների ընտանիքներին։ Այդ փողը նախատեսված է բնակվարձի, շինարարության, խոհանոցի կահույքի, լոգարանի վերանորոգման համար։ Այսպիսով, երեք հոգուց բաղկացած ընտանիքը 3000 եվրոյի փոխարեն կստանա 6000 եվրո։ Միայնակ միգրանտի դեպքում կվճարվի 1000 եվրո։

2017 թվականի փետրվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կամավոր հայրենիք վերադառնալու ցանկություն է հայտնել 8639 միգրանտ։ Եվս 19520 միգրանտ արտաքսվել է Գերմանիայից։

Ներկայումս Գերմանիայի տարածքում ապրում է 115 հազար փախստական, որոնց ապաստանի խնդրանքը մերժվել է։