Մետրոպոլիտեն օպերայի պատվավոր երաժշտական տնօրեն Ջեյմս Լիվայնին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: The New York Times պարբերականը ուսումնասիրել է անանուն տղամարդու ցուցմունքները, որը պնդում է, թե Լիվայնն իր նկատմամբ ոտնձգություններ է սկսել 1985-ին, փոխանցում է Meduza-ն:

Ինչպես պնդում է վկան, որը ցանկացել է երաժշտական կարիերա անել, ինքը ծանոթացել է Լիվայնի հետ 1985-ին Իլինոյսի փառատոնին: Այդ ժամանակ հայցվորը 15 տարեկան է եղել: Վկայի խոսքով՝ Լիվայնն առաջին անգամ «զգացմունքայնորեն բռնել է իր ձեռքը», երբ նրանք մոտեցել են իր ծնողների տանը: Հաջորդ անգամները Լիվայնը հայցվորին ստիպել է հանվել եւ ձեռք է տվել նրա առնանդամին:

Ոտնձգությունները շարունակվել են նաեւ Նյու Յորքում, որտեղ հայցվորը եկել էր դիրիժորի փորձերի: Տուժած տղամարդու խոսքով՝ Լիվայնն իրեն գումարներ է վճարել,  ընդհանուր՝ 50 հազար դոլար: Թե որքան են տեւել հարաբերությունները, NYT-ը չի հստակեցնում, առնվազն՝ մի քանի տարի:

Մետրպոլիտեն օպերան խոստացել է մեղադրանքի շուրջ ներքին հետաքննություն անցկացնել: Թատրոնի ղեկավար Փիթեր Հելբը պատմել է, որ ոստիկանությունը հետաքննության մասին թատրոնին իրազեկել է 2016-ին: Այդ ժամանակ Լիվայնը հերքել է մեղադրանքները, եւ ոստիկանությունն այլեւս Մետրպոլիտեն օպերա չի դիմել: Այժմ թատրոնը որոշել է գործը ինքնուրույն հետաքննել, քանի որ ոտնձգության մասին մամուլում սկսել են զանգվածաբար գրել: