Մումբայում 2008-ին կազմակերպված  ահաբեկչության՝ տնային կալանքից ազատված  ենթադրյալ կազմակերպիչը՝ Հաֆիզ Սաիդը, հայտարարել է, որ ցանկանում է 2018-ի մայիսին մասնակցել Պակիստանի խորհրդարանի Ազգային ասամբլեայի(ստորին պալատ) առաջիկա ընտրություններին, փոխանցում է Dawn տեղի պարբերականը:

Սաիդը «Ջամադ ուդ Դավա» կազմակերպության հիմնադիրն ու առաջնորդն է, որը Պակիստանում հիմնավորված «Լաշկար ի Թաիբ» իսլամիստական  խմբավորման քաղաքական թեւն է, որին Հնդկաստանում 2008-ի ահաբեկչության կազմակերպման մեջ մեղավոր են համարում: Նոյեմբերի վերջին նա Պակիստանում ազատ է արձակվել՝ շուրջ 10 տարվա տնային կալանքից հետո:

Իր համախողների առջեւ ելույթ ունենալով՝ Սաիդը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին ներկայացնելու է «Միլլի մասլիմ լիգ» կուսակցությունը (Ազգային Մուսուլմանական Լիգա MML), որն ստեղծվել էր «Ջամադ ուդ Դավա» գաղթյալների կողմից այս տարվա  օգոստոսին:

 «MML –ը ծրագրում է մասնակցել մյուս տարվա համընդհանուր ընտրություններին: Ես 2018-ը նվիրում եմ նաեւ քաշմիրցիներին, որոնք պայքարում են իրենց ազատության համար»,- հայտարարել է Սաիդը՝ ընդգծելով, որ մտադիր է շարունակել Քաշմիրի՝ Պակիստանին միանալու համար պայքարը:

«Հնդկաստանն ուզում է, որ մենք դադարենք պաշտպանել քաշմիրցիներին: Նա ճնշում է գործադրում Պակիստանի կառավարության վրա», - հավելել է նա:

Պարբերականը նշում է, որ MML-ն իր գլխավոր հեռանկարն է համարում Պակիստանը «բարեկեցիկ եւ իրական իսլամական պետություն» դարձնելը:

Մումբայի վրա հարձակումը տեղի է ունեցել 2008-ի նոյեմբերի 26-ին: 10 ահաբեկիչ քաղաք է մտել ծովով՝ պակիստանյան Կարաչի նավահանգստով: Խմբերի բաժանվելով՝ նրանք կրակել են մարդկանց փողոցում, սրճարաններում, կայարանում, ապա իջեւանել են հինգաստղանի հյուրանոցներում եւ 2 օր դիմակայել հատուկ ջոկատայիններին, մինչ սպանվելը: Զինյալների զոհ է դարձել 166 մարդ՝ ներառյալ ԱՄՆ-ի 6 քաղաքացի: