Քննիչ Միքայել Զադոյանի եւ փաստաբան Գայանե Գալոյանի մասնակցությամբ 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու գործն առաջիկա օրերին կուղարկվի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

NEWS.am-ի հետ զրույցում քննիչի պաշտպաններից Սիմոն Ամիրխանյանը նշեց, որ նախաքննության ավարտից հետո ինքը միջնորդություն էր ներկայացրել, որը մերժվել էր վարույթն իրականացնող մարմնի կողմից:

«Մենք շարունակում ենք պնդել, որ մեղադրանքն անհիմն է, ապացույց բացարձակ չկա, եղածն էլ ենթադրություններ են միայն, որոնք արտահայտողներն էլ Սոս Գասպարյանը, հայրը եւ եղբայրն են, այսինքն, մի ընտանիք նստել, որոշել է վրեժխնդիր լինել ու դրանից բխող ցուցմունքներ են տվել»,- ասաց Սիմոն Ամիրխանյանը:

Նշենք, որ ոչ Միքայել Զադոյանը, ոչ Գայանե Գալոյանն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում: Այս գործից նաեւ մաս է անջատվել, որի նախաքննությունը շարունակվում է: Անջատված մասով մեղադրյալը քննչական բաժնի պետի տեղակալն է: 

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով քաղաքացի Սոս Գասպարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքի կատարման համար: Սակայն վերջինիս հայրը` Բաբկեն Գասպարյանը, նախաքննության ընթացքում այցելել է հիշյալ քննչական բաժին եւ տվյալ գործով վարույթն իրականացնող քննիչ Մ. Զադոյանին առաջարկել առանձնապես խոշոր չափերով` 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք` որդուն չձերբակալելու եւ նրան առավել մեղմ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Քննիչն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը եւ իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով մեղադրյալի հորն ուղարկել Փաստաբանների պալատի փաստաբան Գ. Գալոյանի մոտ` նրա միջոցով կաշառքի գումարը ստանալու եւ քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար` նախապես այդ մասին զգուշացնելով փաստաբանին: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Գ. Գալոյանը, քննիչի համար վերացնելով անձամբ կաշառատուից գումարն ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Բ. Գասպարյանից 2016թ. դեկտեմբերին ստացել եւ Մ. Զադոյանին է փոխանցել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք, առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:

Այսպիսով, քննիչ Մ. Զադոյանը նախնական համաձայնությամբ, փաստաբան Գ. Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով Բ. Գասպարյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար փաստաբան Գ. Գալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար քննիչ Մ. Զադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Բ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Փաստաբանի եւ քննիչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Բաբկեն Գասպարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: