ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊ ընկերությունը ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա համայնքի տարածքում կատարել է 250.000 խ/մ «հողածածկույթի» տեղափոխման հողային աշխատանքներ՝ ճանապարհաշինարարության համար որպես լիցք օգտագործելու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն առարկություն չի ներկայացրել՝ պայմանով, որ պետք է պահպանվեն ՀՀ կառավարության 26.05.2006թ. թիվ 750-Ն, 20.07.2006թ. թիվ 1026-Ն եւ 08.09.2011թ. թիվ 1936-Ն որոշումներով սահմանված պահանջներն ու նորմերը, որոնցով սահմանված են հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու եւ օգտագործելու կանոնները:
Ըստ ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումների՝ «Հողամասերի սեփականատերերը, օգտագործողները պարտավոր են հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս իրականացնել բերրի շերտի հանումը, պահպանումն ու օգտագործումը: Բերրի շերտը հանելու, պահեստավորելու եւ պահպանելու ընթացքում ձեռնարկվում են միջոցներ, որոնք բացառում են դրա որակական հատկանիշների վատթարացումը: Ջրային եւ հողմնային հողատարումից զերծ պահելու համար պահեստավորված հողաթմբերը ծածկվում են խոտաբույսերով կամ իրականացվում են այլ միջոցառումներ` հողաթմբերի ամրացում, ծածկում եւ այլն»:
Սակայն, ՍՊ ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքում՝ առանց թույլտվության, խախտելով հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու եւ օգտագործելու կանոնները, Մաստարա համայնքի ղեկավարի որոշմամբ տրամադրված հողակտորից դուրս, մոտ 1 հա չափով, կատարվել են լեռնային զանգվածի քանդման աշխատանքներ եւ դաշտամիջյան ճանապարհների կառուցում՝ ճանապարհի եզրերին, ինչպես նաեւ փորվածքի շրջակայքում առաջացնելով բուսահողի եւ տարբեր ապարներ պարունակող լեռնային զանգվածի կուտակումներ:
Արդյունքում, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական տեսչական մարմնի կողմից արձանագրվել է, որ հողի բերրի շերտը դեգրադացվել է, գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխել է իր նշանակությունը, որի հետեւանքով շրջակա միջավայրին պատճառվել է էական վնաս:
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերեւույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:



























