Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը լրագրողներին հայտնել է, որ Մալթայի ոստիկանությունը 8 մարդու է ձերբակալել լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանությանը հանցակցելու կասկածանքով, փոխանցում է BBC-ն:
Մալթացի լրագրող եւ բլոգեր Դաֆնե Կարուանա Գալիցիան զոհվել է հոկտեմբերի 16-ին ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով, որն ինքն էր վարում: Պայթյունը տեղի է ունեցել տանից լրագրողի դուրս գալուց կարճ ժամանակ անց:
Զոհվելուց 2 շաբաթ առաջ կինը ոստիկանությանը հայտնել էր իրեն ուղղված սպառնալիքներ ստանալու մասին:
Լրագրողը Մուսկատին եւ նրա կնոջը մեղադրում էր Պանամայում օֆշորային ընկերությունների հետ կապերի մեջ, որն իր հերթին կապված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դստեր հետ:
Նախկինում Դաֆնե Կաուանա Գալիցիան մասնակցել է, այսպես կոչված, «Պանամական դոսյեի» հրապարակումներին, որում տեղեկություններ կան աշխարհի տարբեր երկրների օֆշորային ընկերությունների սեփականատերերի մասին:
Գալիցիայի մահվանից հետո WikiLeаks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը խոստացել է 20 հազար եվրո վճարել տեղեկության համար, որը կնպաստի լրագրողի մարդասպաններին բռնելուն:




























