«Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի միջոցով մենք ցանկացել ենք խթանել Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Սոցիալական ձեռնարկատիրությունը ՀՀ-ում» խորագրով համաժողովի ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Համաժողովի ժամանակ ամփոփվել են «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի արդյունքներն ու քաղած դասերը: Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:

Ողջունելով ներկաներին, ՏԿԶ փոխնախարարը կարեւորել է այս նախաձեռնությունը, նշելով, որ ծրագրի հիմքում դրված`  փոքր ազդեցությամբ համայնքն ավելի լուսավոր դարձնելու գաղափարն իր արդյունքներն արդեն տվել է: 

Ծրագրի շրջանակում ՀՀ 6 մարզում ստեղծվել եւ գործարկվել են 10 սոցիալական ձեռնարկություններ`  նպաստելով համայնքների զարգացմանը:

Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս է հայտնել, որ այս ամփոփիչ համաժողովը կլինի ոչ թե ավարտը, այլ նոր նախաձեռնությունների սկիզբը:  «Այս ծրագրի միջոցով մենք ցանկացել ենք խթանել Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը եւ ուրախ ենք, որ այսպիսի հրաշալի աշխատանք է տարվել: Մենք ընտրել ենք 10 ծրագիր, սակայն դրանք կխթանեն շատ այլ լավ ծրագրեր»,-նշել է Պյոտր Սվիտալսկին:

Համաժողովին մասնակցել են ոլորտի շուրջ 120 դերակատարներ` պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական ձեռնարկատերեր, փորձագետներ, սոցիալական ստարտափեր, համայնքային խմբեր, ինչը հնարավորություն է ստեղծել սոցիալական ձեռնարկատիրության ու համայնքային զարգացման ոլորտիներ կայացուցիչներին  հանդիպելու, համագործակցության եզրեր փնտրելու եւ ոլորտի հետագա զարգացմանն ուղղված առաջարկություններ մշակելու: 

Համաժողովն իր մեջ ներառում է նաեւ թեմատիկ քննարկումներ: 

Համաժողովի շրջանակում կազմակերպվել էր տոնավաճառ, որտեղ ցուցադրվել են մարզերում գործող շուրջ 20 ձեռնարկատերերի արտադրանք: