Ժիրայր Սեֆիլյանի գործով առանձնացված մասով ամբաստանյալ Արթուր Մովսիսյանն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Մովսիսյանի համար մեղադրողը պահանջել էր 4 տարվա ազատազրկում:
«Մենք պարտադիր բողոքարկելու ենք դատավճիռը, որովհետեւ անհիմն, քաղաքական պատվերով գործ էր, առանց իրավական հիմքերի: Արթուր Մովսիսյանն էլ իր ճառում հայտարարեց, որ չի բողոքարկի միայն արդարացման վճիռը»,- ասաց Արայիկ Պապիկյանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Մովսիսյանը 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ. մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված լինելով Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զինված կազմակերպված խմբի կազմում, ապօրինի կերպով իր բնակարանում պահել և այնուհետև խմբի մյուս անդամներին է փոխանցել ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն և ռազմամթերք` նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր և շինություններ, սակայն գիտակցելով հանցագործությունն ավարտին հասցնելու իրական հնարավորությունը, կամովին հրաժարվել է ինչպես ենթախմբին անդամակցելուց, այնպես էլ հանցագործությունն ավարտին հասցնելուց:




























