Անկարան գտնում է, որ Վաշինգթոնի կողմից Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք «աղետ» կդառնա, հաղորդում է AFP-ն:
«Եթե Երուսաղեմի (ներկայիս) կարգավիճակը փոխվի, եւ եւս մեկ քայլ արվի, դա լուրջ աղետ կլինի», - հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը: «Դա լիովին կկործանի տարածաշրջանի փխրուն խաղաղ գործընթացը եւ նոր հակամարտությունների, վեճերի եւ անկարգությունների կհանգեցնի»:
Նրա խոսքով՝ Երուսաղեմի ճանաչումը ձեռնտու չէ ոչ Իսրայելին, ոչ տարածաշրջանին:
«Դա ոչ մեկի օգուտ չի տա, այլ տարածաշրջանում նոր աղետ կստեղծի»:
Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 5-ին կամ 6-ին Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաքի ճանաչման մասին կհայտարարի: Միեւնույն ժամանակ, նա կստորագրի Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատունը տեղափոխելու մերժումը, սակայն իր վարչակազմին կհանձնարարի դեսպանատան հետաձգման ծրագիր մշակել, որով կհաստատի նախընտրական խոստումը կատարելու իր մտադրությունը:




























