Պատերազմի դեպքում Մերձբալթյան երկրները ռիսկային գոտում կհայտնվեն, բայց ելք կա` ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերել եւ չեզոք կարգավիճակ ընդունել: Այս մասին Sputnik Լիտվայի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի թեկնածու, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
Ըստ Ժիրինովսկու՝ «այն երկրները, որոնք իրենց մոտ ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգերը կտեղակայեն, մեծ եվրոպական պատերազմի դեպքում, հնարավոր է ոչնչացվեն, քանի որ ոչ չի հանդուրժի, որ այդտեղից Ռուսաստանի համար ուղղակի վտանգ գա»:
Նա կարծում է, որ Ռուսաստանը կարող է նախազգուշացնել այն տարածքներում հարձակում գործելու հնարավորության մասին, որտեղ հարձակման պատրաստ ՆԱՏՕ զորքերն են տեղակայված:
«Մերձբալթյան երկրների իշխանությունները, Լեհաստանը, Ուկրաինան իրենք են պահանջում, որ իրենց մոտ ավելի շատ ՆԱՏՕ զորքեր տեղակայված լինեն: Իսկ որտեղ զորքեր կան, նաեւ պատերազմ է հնարավոր: Իսկ պատերազմի դեպքում, իհարկե, ռմբակոծություն եւ դիմնակայող խմբավորումների փոխադարձ ոչնչացում է լինում», - ընդգծել է Ժիրինովսկին:
Նրա կարծիքով՝ երկրներն իրենք են իրենց ռիսկային գոտի դարձնում`իրենց տարածքում մեծ քանակությամբ ՆԱՏՕ զորքեր եւ հատկապես զրահապատ մեքենաներ տեղակայելով: «Չէ որ դրանք պաշտպանական զորքեր չեն, այլ հարձակողական, եւ շատ հնարավոր է, որ նրանց առաջ ՌԴ վրա հարձակվելու խնդիր է դրված: Ավելին, այնտեղ արդեն իրականացվում են զորավարժություններ, մշակվում են ռուսական բնակչության հետ աշխատելու մեթոդներ», - ասել է քաղաքագետը:




























