Երուսաղեմը Դոնալդ Թրամփի կողմից որպես Իրսայելի մայրաքաղաք ճանաչումը արաբական եւ մուսուլմանական աշխարհի դեմ «բացահայտ ագրեսիա» կլինի: Այս մասին ասվում է Իսլամական համագործակցության կազմակերպության հայտարարության մեջ, հաղորդում է AP-ն:

ԻՀԿ-ն, որը ներառում է 57 պետություն, հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է ԱՄՆ նախագահի սպասվող հայտարարությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ ԻՀԿ անդամ պետությունները պետք է խզեն կապերը ցանկացած պետության հետ, որն իր դեսպանությունը կտեղափոխի Երուսաղեմ կամ կճանաչի Իսրայելի կողմից «Արեւելյան Երուսաղեմի անեքսիան»:

Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 5-ին կամ 6-ին Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաքի ճանաչման մասին կհայտարարի: Միեւնույն ժամանակ, նա կստորագրի Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատունը տեղափոխելու մերժումը, սակայն իր վարչակազմին կհանձնարարի դեսպանատան հետաձգման ծրագիր մշակել, որով կհաստատի  նախընտրական խոստումը կատարելու իր մտադրությունը: