Երեւանի «Մարգարյան» հիվանդանոցի մանկաբարձական բաժնի ղեկավար Արմեն Խաչատրյանը հայտնվել է դատարանում՝ ծննդկանի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեղադրանքով:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրանքի՝ Արմեն Խաչատրյանը 2017թ. հունվարի 14-ին, ժամը 13:15-ին, Նարինե Գեդեոնյանին պտղի հիպօքսիա հայտնաբերելու և ծննդալուծումը կեսարյան հատման միջոցով կատարելու ցուցումի պայմաններում, տվյալ վիրահատությունը նախապատրաստող բժիշկ մանկաբարձ գինեկոլոգ` Սոնա Աբելյանին հանձնարարել է մասնակցել մեկ այլ վիրահատության կատարմանը, ինչպես նաև հիշյալ բուժհիմնարկի մանկաբարձական բաժնում այդ պահին գտնվող հերթապահ այլ մանկաբարձ- գինեկոլոգին չի հանձնարարել Ն.Գեդեոնյանի ծննդալուծումը կատարել կեսարյան հատման միջոցով, այսինքն վերջինիս բուժման գործունեությունը չի կազմակերպել: Այս ամբողջի հետեւանքով Նարինե Գեդեոնյանի իգական սեռի հասուն պտուղը մահացել է, տեղի է ունեցել հղիության ընդհատում՝ Ն.Գեդեոնյանի առողջությանը անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս:

Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Նշենք, որ Արմեն Խաչատրյանն այն բժիշկն է, որին ծննդկան Գոհար Ս.-ն մեղադրում է իր նորածին ծանր վնաս հասցնելու մեջ: