Այս տարվա ապրիլի 18-ին առողջական լուրջ խնդիրներով ծնված փոքրիկի ծնողները կատարվածում մեղադրում են Երեւանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրենին եւ բժիշկներին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում երեխայի մայրը՝ Գոհարը, պատմում է, որ 2016թ.-ի օգոստոսից հաշվառված է եղել այդ հիվանդանոցում, հղիությունը վարող բժշկուհին եղել է Քրիստինե Աբրահամյանը, սակայն ամբողջ ընթացքն անձամբ հսկել է տնօրեն Գեորգի Օկոեւը:

«Հղիության ողջ ընթացքում անցել եմ անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ոչ իմ, ոչ պտղի մոտ որեւէ խնդիր չի հայտնաբերվել: Մինչեւ հղիությունը նույնպես հետազոտվել եմ, որ առողջ երեխա լույս աշխարհ բերեմ, ամեն ինչ նորմալ է եղել»,- ասում է Գոհարը:

Գոհարի մոտ ծննդաբերական ցավերը սկսվել են ապրիլի 18-ին առավոտյան ժամը 08:00-ին, զանգահարել է Քրիստինե Աբրահամյանին եւ անմիջապես գնացել հիվանդանոց: Այստեղ, Գոհարի պատմելով, Գեորգի Օկոեւի ցուցումով ծնունդն ընդունող բժիշկ է նշանակվել ծննդատան բաժնի վարիչ Արմեն Խաչատրյանը, որն էլ ժամը 11,00-ի սահմաններում ծննդաբերական կծկումներ առաջացնող հաբեր է տվել եւ հեռացել. «Ժամը 12,00-ի սահմաններում կատարվել է արհեստական ջրազատում եւ դրանից հետո ինձ մոտ ցավերը գնալով սաստկանում էին, սակայն, այդ ընթացքում բժիշկները ոչ մի միջամտություն չեն արել, գնալով սաստկացող ցավերն էլ չէին առաջացնում ծննդաբերության համար նպաստավոր պայմաններ: Ավելի ուշ իմացա, որ Արմեն Խաչատրյանի աշխատանքային օրն ավարտվել է եւ նա ժամը 15,00-ին հիվանդանոցից հեռացել է»:

Ժամը 15,00-ից հետո Գոհարին մոտեցել է այդ օրվա հերթապահ բժշկուհին, ավելի ուշ նաեւ հղիությունը վարող բժշկուհի Քրիստինե Աբրահամյանը, որը մեկ անգամ հետազոտելուց հետո հարազատներին վստահեցրել է՝ ամեն ինչ նորմալ է եւ հեռացել հիվանդանոցից:

«Ժամը 17,00-ից ցավերը դարձան անտանելի, մինչեւ 19,00-ն ինձ ոչ մի բժիշկ չմոտեցավ, ոչ մի բուժաշխատող իմ օգնության կանչերին չէր արձագանքում, ասում էին՝ «հիստերիկ», այն դեպքում, երբ ցավերն ուղղակի անտանելի էին դարձել եւ դիմանալ հնարավոր չէր: Ժամը 19,00-ին ինձ զննել է հերթապահ բժշկուհին եւ զեկուցել տնօրեն Օկոեւին, որ ծննդաբերության համար ոչ մի դինամիկա չկա եւ պետք է անհապաղ կեսարյան հատում իրականացնել, բայց Օկոեւը հետ է կանչում Քրիստինե Աբրահամյանին, որն էլ հերթապահ բժշկուհու հետ հետազոտում է ինձ եւ ասում, որ ծննդաբերությունը պետք է լինի բնական ճանապարհով՝ այսպիսով խոչընդոտելով հերթապահ բժշկուհու պարտականությունների կատարմանը»,- պատմում է Գոհարը:

Գոհարին կեսարյան հատում են իրականացնում միայն 22,00-ի սահմաններում, այն էլ միայն նրա պնդմամբ: Գոհարը պատմում է, որ կեսարյան հատման համաձայնության փաստաթուղթն ինքը ստորագրել է գրեթե անգիտակից՝ 13 ժամ «անմարդկային ցավից» հետո. «Ես երեխայի ճիչը չեմ լսել, կարծում եմ՝ ինձ հանգստացնող դեղ են տվել, որովհետեւ ոչինչ չեմ հիշում վիրահատությունից հետո: Հաջորդ օրն իմացա, որ երեխաս ծնվել է ծայրահեղ ծանր վիճակում, ծանր թթվածնային քաղցով, անշունչ, մոտ 20 օր երեխաս գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Այդ ընթացքում Օկոեւը կանչել է ինձ իր մոտ եւ ասել՝ ցավում է, բայց երեխան բուժում չունի: Մենք համապատասխան հետազոտություն ենք արել եւ պարզել, որ երեխան թթվածնային քաղցի պատճառով ստացել է ուղեղի լուրջ վնասվածք: Մասնագետները նշում են, որ երեխան բուժում չունի, նրան սպառնում է հաշմանդամություն, չի կարող քայլել, նստել եւ խոսել»:

Գոհարը վստահ է՝ իր երեխան առողջական ծանր վիճակում է այդ օրվա ծնունդ ընդունող բուժանձնակազմի եւ տնօրեն Գեորգի Օկոեւի անտարբեր վերաբերմունքի հետեւանքով. «Նրանք իրենց պարտականությունները կատարել են ոչ բարեխիղճ, երեխայի ծնունդն ընդունել են ուշացումով, որը երեխայի առողջությանը հասցրել է ծանր եւ անդառնալի վնաս»:

Ծնողներն իրավապահ մարմիններին են դիմել երեխայի ծնվելուց 20 օր անց, հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Անցել է շուրջ 8 ամիս, այդ ընթացքում նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել: Գոհարը պահանջում է, որ մեղավոր բժիշկները պատժվեն: