Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 5-ին, «Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատաքննությունը վերջապես մեկնարկեց: Դատարանում իրավիճակը լարվեց, երբ մեղադրողները սկսեցին հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Արամ Մանուկյանի եւ Հովհաննես Հարությունյանի մեղադրանքների եզրափակիչ մասերի հրապարակումից հետո «Դեդը» ոտքի կանգնեց, եւ փորձեց լքել նիստերի դահլիճը, սակայն, ոստիկանները թույլ չտվեցին: Մարտիրոս Հակոբյանը հայտարարեց. «Չեմ կարա մնամ ու լսեմ էդ կլյաուզնիկ բաները: Չեմ ուզում մասնակից լինեմ բաշիբոզուկներին, ենիչերիներին, ուր ա ստեղ դատարան, դուք կամակատարներ եք»:
Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը Մարտիրոս Հակոբյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց եւ հեռացրեց նիստերի դահլիճից: Ամբաստնյալներից Արամ Մանուկյանն ու Արամ Հակոբյանը եւս հայտարարեցին, որ չեն ցանկանում մնալ նիստերի դահլիճում եւ լսել մեղադրողներին, այնուհետեւ մեղադրյալներից Վարդան Գերավետյանը խնդրեց «Սասնա ծռերին» ոտքի կանգնել եւ հայտարարեց. «Այստեղ կա միայն մեկ դատավոր, դա մեր հայ ժողովուրդն ա, որը գտնվում է դրսում: Մենք բոլորս լսել ենք էս վերջերս ձեր նախագահի, ձեր գլխավոր հրամանատարի հայտարարությունը՝ ադրբեջանական 7 շրջան զիջել Ադրբեջանին: Ձեր եզրակացությունները դուք կկարդաք, ինքներդ ձեր համար, մենք չունենք լսելու այդ եզրակացությունը, որովհետեւ կատարվում է պետական դավաճանություն»: Այնուհետեւ «Սասնա ծռեր» խմբի անդամներին դատարանը թույլ տվեց լքել նիստերի դահլիճը, որից հետո նիստերի դահլիճը լքեցին նաեւ նրանց հարազատները:
Մեղադրողները շարունակում են հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող այս գործով արտագնա նիստը նախագահում է դատավոր Արթուր Օհանյանը:
Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:




























