Ռուբեն Հասրաթյանը յուրաքանչյուր գործի մեծ պատասխանատվությամբ եւ ստեղծագործական ներուժով էր վերաբերվում: NEWS.am-ի հետ զրույցում ճարտարապետին այսպես նկարագրեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

«Շատ զգայուն ընկեր էր, մարդկային ամենաբարձր հատկանիշներն ուներ... Ափսոս՝ չհասցրեց տեսնել Շահումյանի հրապարակում կառուցվող «Ամերիա բանկի» շենքը, Աբովյան-Պուշկին անկյունում կառուցվող առանձնատունը, Վազգեն Սարգսյան փողոցի բազմաբնակարան շենքը: Այս բոլորն ինքն էր նախագծել մինչեւ հիվանդությունը»,- ասում է Մկրտիչ Մինասյանը: 

Ճարտարապետ, «Հայնախագիծ» ճարտարապետական արվեստանոցի վարիչ Լեւոն Քրիստաֆորյանը Ռուբեն Հասրաթյանի հետ աշխատել է Երեւանի «Էրեբունի» եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանների նախագծերի վրա: Ասում է՝ Հասրաթյանի հետ աշխատելը շատ հեշտ էր:

«Ռուբենը հայ ժողովրդի կարկառուն ներկայացուցիչներից էր: Մենք միասին մի քանի նախագծերի վրա աշխատել ենք: Նրա հետ աշխատելը շատ հեշտ էր»,- ասաց Լեւոն Քրիստաֆորյանը:

«Հայնախագիծ» ԲԲԸ ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, ճարտարապետ Մհեր Չերքեզյանն էլ Ռուբեն Հասրաթյանին այսպես է նկարագրում. մարդ, որն անհանդուրժող էր անարդարության, սխալի հանդեպ:

«Ռուբեն Հասրաթյանի պակասը շատ է զգացվելու: Այն անձնավորություններից էր, որ տարածությունը լցնում էր, իմաստավորում էր իր հումորով, մարդկային որակներով: Շատ էր զայրանում, երբ տեսնում էր՝ լավ կառույցներն այլանդակում էին, սիրտը պայթում էր ուղղակի, շատ ծանր էր տանում այդ այլանդակությունները»,- ասում է Չերքեզյանը:

Նրա խոսքով՝ Ռուբեն Հասրաթյանն անընդհատ նոր նախագծեր էր մտածում, էսքիզներ անում:

Ռուբեն Հասրաթյանը մահացել է 74 տարեկանում երկարատեւ ծանր հիվանդությունից հետո: Նա ծնվել է 1943թ. սեպտեմբերի 24-ին, Երեւանում, պետական եւ հասարակական գործիչ Գրիգոր Հասրաթյանի որդին էր։

1967 թվականին ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1967-1972թթ. աշխատել է «Երեւաննախագիծ», 1972-1991թթ. եւ 1997 թվականից՝ «Հայպետնախագիծ» (1980-1991 թթ. եւ 1997 թվականից՝ ճարտարապետության արվեստանոցի ղեկավար) ինստիտուտներում, 1991-1997 թթ.՝ «Երնորոգնախագիծ» ինստիտուտի տնօրեն։

Ռուբեն Հասրաթյանի համահեղինությամբ կառուցապատվել են Կապանի թիվ 5 եւ թիվ 6 թաղամասերը (1981-1986), կառուցվել Գյումրու «Շիրակ» (1982), Երեւանի «Էրեբունի» (1983, Սոֆիայի «Բիենալե-87» մրց.) օդանավակայանները, կազմվել Ստեփանավանի վերականգնման գլխավոր հատակագիծը (1989) եւ Ձորագետի ձախափնյա կառուցապատման նախագիծը (1989-1991)։

Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1977), «Տարվա լավագույն կառույց» (1984) համամիութենական ստուգատեսների դափնեկիր է։

Ռուբեն Հասրաթյանը 2004 թվականին Երեւանում տեղադրված Գրիգոր Հասրաթյանի հիշատակի հուշաքարի ճարտարապետն է, ինչպես նաեւ 2008 թվականին Երեւանում տեղադրված Վիլյամ Սարոյանի հուշարձանի ճարտարապետներից մեկը, 2012 թվականին Երեւանում տեղադրված «Վարք հավերժության» քանդակի ճարտարապետն է: