ՄԱԿ  գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դեմ է Երուսաղեմի հանդեպ ցանկացած միակողմանի գործողություններին, որոնք կարող են ձախողել իսրայելա-պաղեստինական հակամարտության կարգավորման գործընթացը:

Նրա մամուլի քարտուղար Ստեֆան Դուժարիկի խոսքով` ՄԱԿ-ը միշտ դիտարկել է Երուսաղեմը «որպես վերջնական կարգավիճակի խնդիր, որը պետք է լուծվի երկու կողմերի միջեւ ուղիղ բանակցությունների միջոցով` Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի հիման վրա»:

Նա նշել է, որ ՄԱԿ-ը սպասում է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հայտարարությանն այն մասին՝ մտադիր է արդյոք նա Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ:

Արաբական եւ մուսուլմանական երկրները զգուշացնում են, որ նման հայտարարությունը կամ ԱՄՆ կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կարող է վնաս հասցնել Մերձավոր Արեւելքի փխրուն խաղաղությանը: