12-ամյա Գիտանջալի Ռաոն հորինել է ջրում կապարի առկայությունը որոշող արագ եւ ոչ թանկ միջոց: Դրա համար նրան ԱՄՆ 2017-ի լավագույն երիտասարդ գիտնականի կոչում է շնորհվել, փոխանցում է  BBC-ն:

Իր հայտնագործությամբ նա ցանկացել է օգնել Միչիգանի Ֆլինտ քաղաքին, որտեղ 2016-ին շատ բնակիչներ տուժել են քաղաքի ջրում առկա կապարից հիվանդանալով:

Սարքի միտքը Գիտանջալին հղացել է, երբ տեսել է, թե ինչպես են իր ծնողները ջուրն ստուգում թեստ գծիկի միջոցով: «Դա շատ հուսալի միջոց չէ: Անհրաժեշտ է լինում մի քանի անգամ փորձել՝ պարզելու համար, թե արդյոք ջուրը մաքուր է», - ասում է աղջիկը:

Նրա սարքի հիմքում ածխածնի նանոխողովակներից ֆիլտրն է, որը որոշում է կապարի առկայությունը: Սարքը հագեցած է նաեւ Bluetooth փոխանցիչով , որը թույլ է տալիս սմարթֆոնի էկրանին տեսնել թեստի արդյունքները:

Գիտանջալին մյուս երեխաներին խորհուրդ է տալիս երբեք չհանձնվել:

«Երբ ես նոր էի սկսել փորձեր անել, շատ հաճախ անհաջողություններ եմ ունեցել: Բայց հետո ես սովորեցի իմ սխալների վրա եւ հասկացա, որ անհաջողությունը եւս մեկ քայլ է՝ հաջողության հասնելու ճանապարհին», - ասում է Գիտանջալին: