Դիլիջանը զարմացնում է ոչ միայն իր բնությամբ, այլեւ կրթական ակտիվությամբ։ Այս մասին դեկտեմբերի 8-ին «Դիլիջանի միջմշակութային փոխանակում» ծրագրի եւ Դիլիջանի թվային արխիվի ստեղծման հայեցակարգի արդյունքների ներկայացման ժամանակ ունեցած ելույթում նշեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը՝ ընդգծելով, որ Դիլիջանն իր եւ իր ընտանիքի սիրելի լեռնագնացության վայրն է։

Դեսպանի կարծիքով՝ Հայաստանը, ինչպես նաեւ Գերմանիան չեն կարող հույսը դնել բնական ռեսուրսների վրա, քանի որ հարուստ չեն դրանցով. «Սա կարող է առաջին հայացքից բացասական ընկալվել, սակայն մեր հույսը մեր ուղեղն է, ինչն անփոխարինելի է եւ անսպառ»։

Կրթությունը, նրա համոզմամբ, կայուն զարգացման տանող ուղին է։ «Եվ հայերը կարող են հպարտությամբ խոսել կրթության մասին, քանի որ որտեղ էլ լինեն, մեծ ուշադրություն են դարձնում կրթությանը»,- նշեց նա։

Դեսպան Քիսլերի փոխանցմամբ՝ Գերմանիան աջակցում է այն ծրագրերին, որոնք նպատակաուղղված են շրջանների զարգացմանը. «Պետք է մարդկանց հույս եւ հավատ տալ, որպեսզի չլքեն իրենց բնակավայրերը»։

Նա կարեւորեց համայնքի ներգրավվածությունն իրականացվող ծրագրերում: «Շատ ուրախ եմ, որ Դիլիջանում մարդիկ ներգրավված են համայնքային կյանքում։ Ավելին, նրանց ակտիվ մասնակցության շնորհիվ հնարավոր եղավ Դիլիջանի թվային արխիվի ստեղծումը»,- հավելեց դեսպանը։

Հիշեցնենք, որ «Դիլիջանի միջմշակութային փոխանակում» ծրագրի եւ Դիլիջանի թվային արխիվի ստեղծման նպատակը Դիլիջան քաղաքի պատմությունն ու անցյալը վեր հանելը եւ այն լայն հանրությանը ներկայացնելն է։

Այս ծրագրերի ընթացքում հավաքվել եւ արխիվացվել են Դիլիջանի մասին պատմող լուսանկարներ, պատմական փաստեր ու վկայություններ։

Ծրագրերն իրականացվել են «Համագործակցություն քաղաքացիական հասարակության հետ» ծրագրի շրջանակում` IDeA հիմնադրամի աջակցությամբ եւ Գերմանիայի ԱԳ նախարարության ֆինանսավորմամբ։