«Շանթ» ընկերության սեփականատերերից Սամվել Ղարիբյանը բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով պաշտպանել իր եղբայրներին «գլխավոր դատախազի ճիրաններից եւ նրա կողմից կազմակերպվող ոտնձգություններից»:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Մեծարգո նախագահ,

Ձեզ եմ դիմում որպես վերջին հույս եւ պետության երաշխավոր: Երկար ժամանակ է ինչ սկսվել է մի գործընթաց, որի էությունը կայանում է իմ երկու եղբայրների` Մանվել եւ Վարշամ Ղարիբյանների միջեւ անհամաձայնություն` անգամ թշնամանք սերմանելու մեջ: Ցավը նրանում է, որ այդ ամենը կազմակերպվում է գլխավոր դատախազի` Աղվան Հովսեփյանի կողմից: Պարոն նախագահ, ես անձնապես մեծ դժբախտություն եմ ապրում, երբ տեսնում եմ իմ երկու եղբայրների հակամարտությունը: Առավել եւս, որ իմ, բարեկամներիս եւ բոլոր մեր ընկերների փորձերը՝ հաշտեցնելու եղբայրներիս, հակահարված են ստանում գլխավոր դատախազի կողմից: Նա աչք է դրել մեր «Շանթ» ընտանեկան բիզնեսի վրա, եւ այդ նպատակին հասնելու համար բազմաթիվ ապօրինի քրեական գործեր են հարուցվել եւ հարուցվում եղբայրներիս, նրանց աշխատակիցների եւ մեր բարեկամների նկատմամբ: Ես համոզված եմ, որ գլխավոր դատախազը կոչված է երկրում օրինակություն ապահովելու, այլ ոչ թե մարդկանցից ունեցվածքը խլելուն:

Մեծարգո նախագահ

Եղբայրներս մեր պետության հավատարիմ քաղաքացիներ են: Խնդրում եմ պաշտպանեք եղբայրներիս գլխավոր դատախազի ճիրաններից եւ նրա կողմից կազմակերպվող ոտնձգություններից»: