ԱՄՆ հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւը կպաշտպանի Նեւադայի նահանգից առաջադրված Դենի Թարքանյանի թեկնածությունը Սենատի ընտրություններում։
Թարքանյանի հիմնական մրցակիցը փրայմերիզում եկող տարի կլինի սենատոր Դին Հելլերը։ «ԱՄՆ Սենատում նրա ներկայությունն անկասկած կընդլայնի մեր հասարակության հնարավորությունները, եւ մենք հույս ունենք սերտորեն համագործակցել նրա հետ ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- հայտարարել է Հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւի նախագահ Նորա Հովսեփյանը։
Թարքանյանն իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ է ստանալ Հայ դատի աջակցությունը։ «Որպես մարդ, ում տատն ու պապը վերապրել են Ցեղասպանությունը՝ ես կլինեմ ուժեղ ձայն Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների բարելավման համար եւ անխոնջ կաշխատեմ Հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւի հետ, որպեսզի ԱՄՆ կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Թարքանյանը։
Դենի Թարքանյանը հայտնի գործարար է եւ բասկետբոլի մարզչի որդի։ Նրա հայրը՝ Ջերի Թարքանյանը, միշտ ամերիկահայերի շահերի ջատագովն է եղել։




























