Այսօր՝ դեկտեմբերի 21-ին «Ժառանգություն» կուսակցությունը Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Արմավիրում անցկացրեց ավտոերթեր ընդդեմ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին»  օրենքով ամրագրված պարտադիր ավտոապահովագրման պայմանների եւ ժամկետների:

Երեւանում Նոր Նորք, Էրեբունի եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքներից երեք ավտոշարասյուններ` պտտվելով քաղաքի տարբեր համայնքներով, հանդիպեցին Բրազիլիայի հրապարակում («Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ): Ժամը 16.00-ին սկսվեց հիմնական ավտոերթը, որը շուրջ 10 կմ-անոց պտույտ կատարելով Երեւանի կենտրոնում, հասավ Հանրապետության հրապարակ` կառավարության շենքի մոտ: Մեքենաների վրա փակցված էին «ԱՅՈ` ապահովագրմանը – ՈՉ` ԱՊՊԱ կողոպուտին», «Մի´ ԱՊՊԱկողմնորոշեք», «Նախ` եվրո աշխատավարձեր, ապա` եվրոԱՊՊԱ», «ՈՉ` ԱՊՊԱշնորհ օրենքին», «Պարտադիր, բայց ոչ բռնի» կարգախոսները: Ավտոերթի մասնակիցներին իրենց մեքենաների ազդանշաններով ձայնակցում էին Երեւանի վարորդ քաղաքացիները:

 Կառավարության շենքի առջեւ ելույթ ունեցավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, որը ընթերցեց կառավարությանն ուղղված քաղաքացիական պահանջագիրը: Ավտոերթի մասնակիցների անունից Արմեն Մարտիրոսյանը եւ Անահիտ Բախշյանը պահանջագիրը հանձնեցին կառավարությանը:

Համանման ավտոերթեր տեղի ունեցան նաեւ Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում եւ Մեծամորում: Մարզկենտրոններում բողոքի ավտոերթի մասնակիցներրը համապատասխանաբար Շիրակի, Լոռու եւ Արմավիրի մարզպետներին` որպես մարզում կառավարության ներկայացուցիչների, հանձնեցին քաղաքացիական պահանջագրեր: Ընդհանուր առմամբ` բոլոր ավտոերթերը միասին վերցրած հանրապետության փողոցներով անցել են ավելի քան 160 կիլոմետր:

Հիշեցնենք, որ ավտոերթի նպատակն էր Հայաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանություններից պահանջել վերանայել ԱՊՊԱ օրենքը, հետաձգել ԱՊՊԱ պայմանագրերի կնքման վերջնաժամկետը, վերանայել ապահովագրման պայմանները` հաշվի առնելով բնակչության մեծ մասի սոցիալական ծանր վիճակը եւ պետության համար կարեւոր այլ գործոններ:

 Ստորեւ ներկայացնում ենք «Ընդդեմ ԱՊՊԱ»-ի ավտոերթի մասնակիցների քաղաքացիական պահանջագիրը.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

ԱՊՊԱ օրենքի գործարկումը հետաձգելու եւ դրանում փոփոխություններ կատարելու մասին

Մենք` ՀՀ քաղաքացիներս, կողմ լինելով տրանսպորտային միջոցների ապահովագրման համակարգի աստիճանական ներդրմանը, միաժամանակ անընդունելի ենք համարում սույն թվականի մայիսի 5-ին ԱԺ-ի ընդունած` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքի որոշ դրույթներ:

ՀՀ կառավարությունը եւ Ազգային ժողովը այս օրենքը նախաձեռնելիս եւ ընդունելիս պարտավոր էին հաշվի առնել երկրում առկա տնտեսական ճգնաժամն ու քաղաքացիների զգալի մասի ծանր սոցիալական վիճակը: 

Մենք պահանջում ենք ԱՊՊԱ օրենքում կատարել հետեւյալ փոփոխությունները.

1. Հետաձգել օրենքի կիրարկման` 2011 թվականի հունվարի 1-ից նախատեսված ժամկետը մեկ տարով:

2. Էապես նվազեցնել Կենտրոնական բանկի կողմից հաստատված պայմանագրերի անհիմն բարձր սակագները, բարձրացնել պատահարների հետեւանքով վնասի փոխհատուցման առավելագույն գումարների չափը` ապահովելով ապահովագրական սակագների հետ դրանց խելամիտ հարաբերակցությունը:

3. Լրամշակել ապահովագրական ընկերությունների լիցենզավորման կարգը եւ ապահովել լիցենզավորման գործընթացի թափանցիկությունը:

4. Օրենքից հանել սակագների ստորին շեմին վերաբերող սահմանափակումը` ապահովագրական ընկերությունների համար ստեղծելով ազատ մրցակցության դաշտ:

5. Օրենքի վերոնշյալ եւ այլ փոփոխություններն իրականացնելու նպատակով` պահանջում ենք կառավարությունից մինչեւ ս.թ. դեկտեմբերի 31-ը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ:

Սույն պահանջագրի պատասխանը խնդրում ենք տալ երկօրյա ժամկետում: