Ադրբեջանական ավիաընկերության աշխատակիցը Գերմանիա է փախել՝ թաքնվելով ինքնաթիռի բեռների համար նախատեսված հատվածում: Ադրբեջանի քաղաքացի ադրբեջանական ավիաընկերության աշխատակիցը բեռնատար ինքնաթիռով ապօրինի թռել է Գերմանիա, հայտնում է haqqin.az-ը:

Ուրբաթ օրվա երկրորդ կեսին նրան ձերբակալել են Ֆրանկֆուրտ-Հան օդանավակայանի թռիչքուղու վրա:  Հաղորդվում է, որ տղամարդը 40 տարեկան է, մոտը անձը հաստատող փաստաթղթեր չեն եղել եւ բեռ չի ունեցել:

Պարզվել է, որ նա ադրբեջանական ավիաընկերության աշխատակից է: Տղամարդը պատմել է, որ ինքը բեռը բարձելու ժամանակ ակամա թաքնվել է ինքնաթիռի բեռների համար նախատեսված հատվածում: Իր գործողությունները պարզաբանելիս նա հայտնել է, որ հույս ունի Գերմանիայում ավելի լավ կյանքով ապրել: Տղամարդուն Դաշնային ոստիկանությանն են հանձնել, որը նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել՝ ապօրինի մուտքի կասկածանքով: