Ազգությամբ ադրբեջանցի Թելման Իսմաիլովի կողմից սարքած շինծու քրեական գործի արդյունքում 8 ամիս անազատության մեջ գտնվող ազգությամբ հայ Սուրեն Խաչատուրովն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ազատ կարձակվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Խաչատուրովի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել, ըստ որի կասեցվել էր ՌԴ քաղաքացի ազգությամբ հայ Սուրեն Խաչատուրովի հանձնումը Ռուսաստանի Դաշնությանը: Սուրեն Խաչատուրովը երկար ժամանակ ընտանիքի հետ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, այնտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Ի պաշտոնե նա վերահսկողություն է իրականացրել այլ անձանց, այդ թվում նաեւ ազգությամբ ադրբեջանցի Թելման Իսմաիլովի օբյեկտների նկատմամաբ: Նա բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել նրա օբյեկտում, որից հետո, ըստ Խաչատուրովի, Թելման Իսմաիլովը հաշվեհարդար է փորձել տեսնել նրանից եւ շինծու քրեական գործ է սարքել նրա նկատմամբ: Սուրեն Խաչատուրովի նկատմամբ քրեական հետախուզում է սկսվել, որից հետո հասկացել է, որ Ռուսաստանի իշխանությունների կամայականություներից չի կարող պաշտպանվել եւ լքել է Ռուսաստանի տարածքը:

Հայաստան տեղափոխվելուց հետո իր պաշտպանյալը վատառողջ է եղել, գտնվել է հիվանդանոցում: Այդ ժամանակ էլ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ արդեն 8 ամիս է նա անազատության մեջ է գտնվում: