Այսօր՝ դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության զգալի ֆինանսական աջակցությամբ ստեղծված «Ծաղկաձոր» լեռնադահուկային կենտրոնի պաշտոնական բացումը:

Կենտրոնի առկայությունը էական դեր ունի համաշխարհային դասի մրցաշարերի կազմակերպման համար, ինչը նախկինում համապատասխան ենթակառուցվածքի բացակայության պատճառով անհնարին էր: Ներկայումս կենտրոնը հագեցած է միջազգային մրցումների անցկացման համար անհրաժեշտ պրոֆեսիոնալ սարքավորումներով:

«Հայաստանում միջազգային մրցույթների անցկացումը հայաստանցիների մոտ ոչ միայն կձեւավորի հպարտության զգացում սեփական երկրով եւ կբարձրացնի նրանց ոգին, այլեւ` զարգացած ենթակառուցվածքների շնորհիվ, կնպաստի տնտեսական զարգացման շարունակականության ապահովմանը: Հայաստանն աստիճանաբար դառնում է ձմեռային սպորտի համար զբոսաշրջային գրավիչ ուղղություններից մեկը եւ մենք պետք է աջակցենք այս համահայկական նշանակության նախագծին,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու հավելել. «Սպորտի ոլորտում ձեռքբերումների առումով մեր երկիրն աշխարհը տպավորելու մեծ ներուժ ունի, հատկապես ինչ վերաբերում է ձմեռային սպորտաձեւերին»:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացված հաջորդ նմանատիպ քայլը դարձավ Ծաղկաձորի, Հրազդանի, Ապարանի, Վանաձորի, Գյումրիի, Աշոցքի եւ Երեւանի մարզիկներին լեռնադահուկային 150 միավոր հանդերձանքի տրամադրումը: Այդ նախագծին իր աջակցությունն է ցուցաբերել նաեւ Լեռնադահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան: 

Միջազգային մրցաշարերում եւ Օլիմպիական խաղերում սպորտային տերությունների շահած մեդալների տպավորիչ թիվը համակարգված աշխատանքի, մշակված մարզական ծրագրերի եւ սպորտի ոլորտում կատարվող ներդրումների արդյունք է: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցանկանում է տեսնել Հայաստանը որպես սպորտային ակումբներով եւ մարզական կենտրոններով հագեցած երկիր: