Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի նախագիծը (OCCRP) հրապարակել է ադրբեջանական ռեժիմի ներկայացուցիչների կողմից փողերի լվացման վերաբերյալ հերթական հետաքննությունը:

  Այս անգամ խոսքը  ադրբեջանցի գործարար Ռասիմ Ասադովի մասին է, որը նաեւ անկախ Ադրբեջանի ներքին գործերի առաջին նախարարի որդին է եւ «Ադրբեջանական լվացքատուն» գործի գլխավոր անձանցից մեկը: Բացի այդ, Ասադովը հանդիսանում է Ադրբեջանի փոխնախագահ եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի զարմիկ Միրժալալա Փաշաեւի գործընկերը:

 Ասադովը Վիեննայի ամենահեղինակավոր շրջանում «Kiton» բուտիկի սեփականատերն է: Նրա խանութը բազմաթիվ կորուստներ է կրել եւ վարձակալության համար միլիոնավոր եվրոյի պարտք կուտակել Signa Group-ին՝ հայտնի ավստրիացի գործարար Ռենե Բենկոյի դուստր ձեռնարկությանը:

Բացի այդ, 37-ամյա Ասադովին է պատկանում «Golden Quarter» թաղամասի էլիտար շենքը, որը նա գնել է օգտվելով օրենքի սողանցքից:

2014-ին բացված խանութը, որտեղ մեկ շապիկն արժե ավելի քան 1700 եվրո, նույն տարվա վերջին 430 հազար եվրոյի մաքուր վնաս է կրել:

Հաջորդ տարին ավելի վատն էր. մաքուր վնասը 1,76 մլն եվրո էր կազմել: Այնուամենյանիվ Ասադովը եւ  նրա գործընկերնեը խուսափել են սնանկությունից՝ բիզնեսի մեջ 2,4 մլն եվրոյի ներդրում կատարելով:

Բացի դրանից, Ասադովն ունի նաեւ եւս մեկ ընկերություն, որը 2014-ի մայիսից աշխատում է Վիեննայում: Ըստ փաստաթղթերի՝ AE BG Eta Holding GmbH-ը զբաղվում է «վարչարարությամբ եւ անձնական ակտիվների կառավարմամբ, հատկապես… ինքնաթիռներով»:

Հասարակությանը հասանելի փաստաթղթերը ենթադրում են, որ ընկերությունը մեծ գումարների հետ գործ ունի:

Իր գործունեության երկրոդ տարում ընկերությունը մոտ 7 մլն դոլար է կորցրել: