Դեկտեմբերի  23-ին՝ ժամը 09:00-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  տեղի կունենա «Հայաստանի Հելսինկյան կոմիտե», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ների ներկայացուցիչներ, Արդարդատության նախարարության ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների խմբի անդամներ` Ավետիք Իշխանյանի, Արթուր Սաքունցի եւ Արման Դանիելյանի դիմումի հիման վրա քրեական գործ հարուցելու պարտավորեցնելու պահանջի մասին գործի քննությունը:

Գործի էությունը կայանում է նրանում, որ 2010 թվականի սեպտեմբերի 2-ին դիտորդական խմբի անդամներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 2010 թվականի օգոստոսի 5–ից մինչեւ սեպտեմբերի 1–ը, առանց օրենքով նախատեսված հիմքերի, պահվել է ՀՀ քաղաքացի Սարգիս Մանուկի Պողոսյանը։

 Սարգիս Պողոսյանը մեղադրվում է ԱՄՆ-ում բանկային խարդախություն կատարելուն օժանդակելու մեջ:

2010 թվականի սեպտեմբերի 3-ին ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ տեղեկացնելով կատարված հանցագործության մասին եւ խնդրել տեղի ունեցածի կապակցությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ:

2010 թվականի սեպտեմբերի 11-ին ստացվել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների խմբի կողմից ուղարկված դիմումի պատասխան՝ ՀՀ Գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ե. Ավագյանի կողմից, որով փաստորեն ՀՀ Գլխավոր դատախազությունը հանցագործության վերաբերյալ հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք չի տվել:

Վերստին ակնկալելով, որ ՀՀ Գլխավոր դատախազը պետք է քրեական հետապնդում հարուցի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի եւ ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի նկատմամբ, 2010 թվականի հոկտեմբերի 19-ին դիմումատուները «Հանցագործության` անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու եւ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելու մասին» հաղորդում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին, պահանջելով` համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ ներկայացված հաղորդմանը եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդվածների կարգով տեղեկացնել ընդունված որոշման մասին:

Սակայն 2010 թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ Գլխավոր դատախազության, միջազգային իրավական կապերի բաժնի պետի ստորագրությամբ պատասխան է տրվել դիմումատուների հաղորդմանը, որի մեջ արտատպված է նախկին` 2010 թվականի սեպտեմբերի 11-ի ի պատասխան ստացված գրության բովանդակությունը: Նշված գրության բովանդակությունը, ոչ մի կապ չունի դիմումատուների կողմից տրված հաղորդման հիմնավորումների եւ պատճառաբանությունների հետ:

Փաստորեն ՀՀ Գլխավոր դատախազն իր անգործությամբ ոչ միայն խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված հանցագործության մասին տրվող հաղորդումներին ընթացք տալու ընթացակարգը, այլեւ իր նման դիրքորոշմամբ անլուրջ վերաբերմունք է ցուցաբերել իրավապաշտպան կազմակերպությունների կողմից տրված հաղորդումներին:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ կազմակերպությունները դիմել են ՀՀ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ Գլխավոր դատախազին պարտավորեցնելու՝ դիմումատուների կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քրեական հետապնդում հարուցելու իր տեղակալի եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի նկատմամբ: