Սանկտ Պետերբուրգում` Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի Կոնստանտինովյան նստավայրում, այսօր՝ դեկտեմբերի 22-ին կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Պուտնիը հանդիպման սկզբում Հայաստանը բնութագրել է որպես Ռուսաստանի վստահելի գործընկեր եւ կարեւորել երկկողմ գործակցությունն ամենատարբեր, այդ թվում` քաղաքական, ռազմական ոլորտներում։
Նա ողջունել է հայկական կողմի` համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։ Դա, մասնավորապես, վերաբերում է Հայաստանի տարածքում ռազմական բազաների տեղակայմանը։ Վլադիմիր Պուտինը որպես փոխգործակցության առաջնահերթություն առանձնացրել է երկկողմ տնտեսական համագործակցությունը։ Նրա խոսքով` թեեւ անցած տարին լի էր ճգնաժամով պայմանավորված դժվարություններով, այդուհանդերձ, Ռուսաստանը Հայաստանին աջակցել է` տրամադրելով 500 միլիոն դոլարի արտոնյալ վարկ` 15 տարի ժամկետով, ինչը թույլ է տվել ապահովել ապրանքաշրջանառության որոշակի մակարդակ։ Նշելով, որ Ռուսաստանի ներդրումները Հայաստանում կազմում են 3 միլիարդ դոլար, վարչապետ Պուտինն ընդգծել է, որ ոչ մի ռուսական ձեռնարկություն այս ընթացքում Հայաստանից դուրս չի եկել։
Ներկայումս, ընդհանուր առմամբ, Հայաստանում գործում է ռուսական կապիտալով ավելի քան հազար ձեռնարկություն։ «Մենք ակնկալում ենք, որ Ձեր եւ ՀՀ Նախագահի աջակցությամբ մեր գործարարները Հայաստանում իրենց ավելի հարմարավետ կզգան», - նշել է ՌԴ վարչապետը` հույս հայտնելով, որ ընդհանուր ջանքերով կհաջողվի հասնել համագործակցության նոր մակարդակի։
Տիգրան Սարգսյանն, իր հերթին, հավաստիացրել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ռուս գործարարներն իրենց հարմարավետ զգան Հայաստանում եւ հանդես գան մի շարք նախաձեռնություններով։ Մասնավորապես, «Մարս» գարծարանում ստեղծվելու է ազատ տնտեսական գոտի։ Նախագծի օրենսդրական փաթեթն այժմ նախապատրաստական փուլում է։ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ստեղծել այնպիսի հիմք, որը կխթանի ռուսական ներդրումների հետագա աճը Հայաստանում։
Երկու վարչապետների հանդիպմանը, որին ներկա էին նաեւ երկու երկրների պատվիրակությունները, քննարկվել է երկկողմ տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ։
ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երեւան։




























