Եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից եւ մնա անվնաս, ուրեմն դա պայմանավորված խաղ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու մասին լուրերը: «ԲՀԿ-ն, ես համոզված եմ, որ չի կարող դուրս գալ կոալիցիայից, քանի որ դուրս գալուց հետո այնպես մասերի կբաժանեն, որ ուղղակի անպատկերացնելի կլինի: Հետեւապես, մեծ ցանկության դեպքում անգամ ԲՀԿ-ն դուրս չի գա կոալիցիայից»,-հայտարարեց Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն միասեռ չէ, եւ այդ խմբակցության պատգամավորների ու կուսակցության անդամների վրա իշխանության ազդեցության լծակները բավականին լուրջ են: «Եթե ԲՀԿ-ի դուրս գալու գաղափարը դուր չգա Հանրապետական խմբակցությանը, ապա նրանք աշխատեցնելու են իրենց այդ լծակները: Եթե չաշխատեցնեն, այդ դեպքում գործ կունենանք բեմանականացված ներկայացման հետ»,-ընդգծեց Սաֆարյանը:
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ԲՀԿ-ն մտադիր է մինչեւ Ամանոր դուրս գալ կոալիցիայից, քանի որ կուսակցության առաջ պայման է դրվել հայտարարել, որ գալիք ընտրություններում սատարելու են Սերժ Սարգսյանին:





























