Երեքշաբթի օրը քրդական ինքնավարության մի շարք քաղաքներում Իրաքյան Քրդստանի իշխանությունների դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների եւ ուժայինների միջեւ բախումներ են գրանցվել, հաղորդում է  «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Sky News Arabia-ն:

Իրաքի հյուսիսում գտնվող Կոյա, Սուլեյմանիա, Խալաբաջա քաղաքներում արդեն երկրորդ օրն է բազմամարդ բողոքի ակցիաներ են ընթանում: Երեքշաբթի օրը հավաքվածներին ցրելու համար ոստիկանությունը ջրցան է կիրառել:

Մի շարք լրատվամիջոցներ պնդում են, որ բախումների հետեւանքով զոհեր կան, պաշտոնական տվյալներ դեռ չեն ստացվել:

Անցած օրվա ընթացքում ակտիվիստները մի քանի պետական կառույց են հրդեհել, այդ թվում նաեւ՝ իշխող Դեմոկրատական կուսակցության եւ Իրաքի Քրդստանի այլ քաղաքական կազմակերպությունների շտաբերը:

Փորձեր են արվել գրավել ոստիկանական բաժանմունքը եւ էլեկտրակայանը: Ցուցարարները իշխանություններից պահանջում են վերջ տալ կոռուպցիային եւ վճարել քաղծառայողների կուտակված աշխատավարձերը: